Բերանի խոռոչի բակտերիաները կարող են ազդել մտածողության արագության վրա

11:11   12 հոկտեմբերի, 2026

«PLOS ONE» ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ ուշագրավ վիճակագրական կապեր են հայտնաբերվել լեզվի վրա եղած բակտերիաների և մտածողության ու տեղեկատվության մշակման արագության միջև։

Մեծ Բրիտանիայի և Բելգիայի 60 առողջ չափահաս բնակիչների շրջանում պարզվել է, որ լեզվի վրա որոշակի բակտերիաների քանակությունը կապված է ճանաչողական թեստերի արդյունքների հետ։

Սա կարող է տարօրինակ թվալ, բայց պատկերացրեք, որ դուք մի բուռ ճակնդեղ եք ուտում։ Դրանում պարունակվող նիտրատների մի մասն անցնում է արյան մեջ, ապա, անսպասելի շրջանցիկ ուղի անցնելով, նորից վերադառնում բերանի խոռոչ։

Լեզվի վրայի բակտերիաներն օգնում են դրանք վերածել այնպիսի նյութի, որն օրգանիզմն օգտագործում է ազոտի օքսիդ արտադրելու համար․ սա մի մոլեկուլ է, որը նպաստում է անոթների լայնացմանը։
Այս փոքրիկ քիմիական «ճանապարհորդությունն» էլ հենց պատճառ է դարձել, որ գիտնականներն ուսումնասիրեն, թե արդյոք բերանի խոռոչի միկրոբները կապ ունեն հիշողության, ուշադրության և տեղեկատվության մշակման արագության հետ։

Այս կապն ավելի լավ հասկանալու համար Էքսետերի համալսարանի հետազոտողները՝ Ջոաննա Է․ Լ'Էրյոյի գլխավորությամբ և Բրյուսելի ազատ համալսարանի գործընկերների հետ համատեղ, յուրաքանչյուր երկրից ներգրավել են 15-ական երիտասարդ և տարեց մասնակցի։

Երիտասարդները հիմնականում քսան տարեկան էին, իսկ տարեցները՝ միջինում վաթսունից յոթանասուն։

Մասնակիցներն անցել են հիշողության, ուշադրության, էմոցիաների ճանաչման և տեղեկատվության մշակման արագության թեստեր։ Հետազոտական թիմը նաև չափել է նրանց զարկերակային ճնշումը, վերցրել արյան ու թքի նմուշներ, ինչպես նաև լեզվից ստացված քսուկներ։

Բոլոր մասնակիցները չեն ծխել․ վերջերս հակաբիոտիկներ ընդունած կամ բերանի խոռոչի հիվանդություններ ունեցած անձինք դուրս են մնացել հետազոտությունից։

Նույնականացնելով քսուկներում եղած բակտերիաները՝ հետազոտողները համեմատել են յուրաքանչյուր մասնակցի բերանի խոռոչի միկրոբիոտայի կազմը անցկացված թեստերի արդյունքների հետ։

Երկու երկրներում էլ արձանագրվել է ընդհանուր մի արդյունք․ լեզվի վրա Prevotella histicola բակտերիա ունեցող մարդիկ ավելի արագ են արձագանքել որոշակի թեստերին (թեև առաջադրանքները տարբերվել են երկու երկրներում)։

Մեկ այլ տեսակ՝ Haemophilus parainfluenzae-ն, հակասական պատկեր է ցույց տվել։ Բելգիայում այն կապված է եղել էմոցիաների ճանաչմանն ու տեսողական ուսուցմանն ավելի արագ արձագանքելու, ինչպես նաև աշխատանքային հիշողության ավելի բարձր ճշգրտության հետ։ Մինչդեռ Մեծ Բրիտանիայում այն առնչվել է որոշ առաջադրանքների ավելի արագ, սակայն էմոցիաների ճանաչման հարցում ավելի դանդաղ արձագանքման հետ։

Այսպիսով, որոշակի բակտերիայի մեծ քանակությունը պարտադիր չէ, որ նշանակեր ավելի լավ արդյունքներ բոլոր թեստերում։

Տարիքն ինքնին ճանաչողական ունակությունների ամենահաստատուն ցուցիչն էր․ երկու երկրներում էլ տարեց հասակը կապված էր ընդհանուր ավելի ցածր միավորների և ավելի դանդաղ արձագանքի հետ։

Հետազոտողները նաև պարզել են, որ բակտերիաների 17 տեսակի քանակությունը տարբերվում էր երիտասարդների և տարեցների մոտ։

Ավելի լայն խմբավորման մակարդակում Treponema և Tannerella ցեղերի բակտերիաները, որոնք ներառում են լնդերի հիվանդությունների հետ կապված տեսակներ, ավելի շատ էին տարեցների մոտ։ Իսկ նիտրատները վերականգնող բակտերիաների տեսակներից մեկն ավելի շատ էր հանդիպում երիտասարդ մասնակիցների մոտ։

Այնուամենայնիվ, բերանի խոռոչում այս բակտերիայի ավելի հաճախակի հայտնաբերումը երիտասարդների մոտ ավտոմատ կերպով չէր նշանակում, թե այն ճանաչողական ավելի լավ ունակությունների ցուցիչ է։ Նիտրատները վերականգնող բակտերիաների նույն տեսակը տարածված էր նաև Մեծ Բրիտանիայի խմբում, որն ունեցել էր թեստավորման ընդհանուր ավելի ցածր արդյունքներ։

Բոլոր մասնակիցներն էլ լիովին առողջ էին և հաջողությամբ անցել էին թեստերը։ Այս տարբերություններն արտացոլում էին առողջ մարդկանց շրջանում առկա տատանումները, այլ ոչ թե որևէ խանգարման ախտորոշում։

Աշխարհագրական գործոնը նույնպես էական դեր է խաղացել։ Բակտերիալ համայնքները տարբերվում էին Մեծ Բրիտանիայի և Բելգիայի մասնակիցների մոտ, թեև երկու երկրներում էլ նկատվել են տարիքային որոշակի օրինաչափություններ։

Տվյալ հետազոտությունը հիմնված է նույն խմբի ավելի վաղ ուսումնասիրության վրա, որը հրապարակվել էր «PNAS Nexus» ամսագրում 2025 թվականին․ դրանում ուսումնասիրվում էին տարեցների, այդ թվում՝ թեթև ճանաչողական խանգարումներ ունեցող մարդկանց բերանի խոռոչի միկրոօրգանիզմները և ազոտի օքսիդի կենսացուցիչները։

Նոր հետազոտության ընթացքում պարզում էին՝ արդյոք նմանատիպ փոխկապակցվածություններ դիտվում են երկու երկրների երիտասարդ և տարեց առողջ մասնակիցների շրջանում։

Քիմիական չափումների արդյունքները հակասական էին։ Մեծ Բրիտանիայում արյան պլազմայում նիտրատների ավելի բարձր մակարդակը կապված էր թեստերից մեկում ավելի լավ արդյունքի, սակայն էմոցիաների ճանաչման ավելի ցածր ճշգրտության հետ։ Իսկ նիտրիտների ավելի բարձր մակարդակը առնչվում էր միայն ավելի դանդաղ արձագանքման հետ։

Բերանի խոռոչի բակտերիաների մասնակցությամբ քիմիական այս գործընթացը առնչություն ունի նաև ֆիզիկական աշխատունակության վրա ճակնդեղի ազդեցության հետազոտությունների հետ։ Բակտերիաները նիտրատը վերածում են նիտրիտի, որն էլ հետագայում կարող է նպաստել ազոտի օքսիդի արտադրությանը։

Այնուամենայնիվ, նոր հետազոտությունը չի ապացուցել, որ հենց այս գործընթացն է եղել թեստավորման արդյունքների տարբերության պատճառը։ Ինչպես նաև չի ստուգվել՝ արդյոք բերանի խոռոչի միկրոֆլորայի փոփոխությունը կարող է բարելավել մարդու ճանաչողական ունակությունները։

Քանի որ յուրաքանչյուր երկրից մասնակցել է ընդամենը 30 մարդ, ստացված արդյունքները նախնական բնույթ են կրում։ Հեղինակները նշում են, որ բուն կենսաբանական օրինաչափությունները վիճակագրական տատանումներից տարբերակելու համար անհրաժեշտ են ավելի մասշտաբային հետազոտություններ։

Մասնակիցների սննդակարգը չի վերահսկվել, իսկ ֆիզիկական ակտիվությունն ու քունը համալիր գնահատման չեն ենթարկվել։ Մինչդեռ այս գործոնները կարող էին ազդել ինչպես բերանի խոռոչի բակտերիալ ֆլորայի, այնպես էլ թեստերի արդյունքների վրա։

Տվյալների հավաքագրումն իրականացվել է 2017-2019 թվականներին։ Բելգիական նմուշները Մեծ Բրիտանիա են տեղափոխվել հեղուկ ազոտի միջավայրում․ հեղինակներն ընդունում են, որ պահպանման պայմանների տարբերությունները կարող էին որոշակի շեղումներ առաջացնել։

Հոդվածում նկարագրվում են բազմակի համեմատությունների ճշգրտումները որոշ վերլուծությունների համար, բայց ոչ ռեգրեսիաների համար, որոնք բակտերիաները կապում են ճանաչողական թեստերի հետ։ Բազմաթիվ ասոցիացիաների ստուգումը կարող է մեծացնել այն հավանականությունը, որ թվացյալ արդյունքները պարզապես պատահականության հետևանք են։

Հետազոտական թիմը համեմատել է երիտասարդներին ու տարեցների և չի հետևել առանձին անհատների փոփոխություններին։ Սա թույլ չի տալիս պարզել՝ արդյոք բերանի խոռոչի բակտերիաները կանխատեսում են ճանաչողական ֆունկցիաների անկումը կամ ազդում են դրա արագության վրա։

Այսպիսով, ստացված արդյունքները չեն ապացուցում, որ բերանի խոռոչի միկրոբիոտայի կազմի փոփոխությունը կանխում է դեմենցիան, բարելավում է հիշողությունը կամ դանդաղեցնում ուղեղի ծերացումը։

Այս պահին բերանի խոռոչի որոշակի բակտերիաները, ըստ երևույթին, կապված են մտածողության ունակությունների տարբերությունների հետ։ Դեռևս պետք է պարզել՝ արդյոք այդ միկրոբներն են նպաստում այդ տարբերությունների ձևավորմանը, թե պարզապես արտացոլում են այլ գործոններ, որոնք ընդհանուր են բերանի խոռոչի և ուղեղի համար։


© NEWS.am Medicine