20:48 12 հոկտեմբերի, 2026Նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, մասնավորապես՝ Ալցհայմերի հիվանդության դեպքում նեյրոնների հարաճուն վնասումը կապված է գլխուղեղում անոմալ տաու-ֆիլամենտների կուտակման հետ։ Այդ տաու-ֆիլամենտների միջուկը ձևավորում է խիստ կանոնակարգված կառուցվածք, իսկ այնպիսի մոլեկուլներ, ինչպիսին է ուբիկվիտինը, միանում են տաուին միջուկի շուրջ՝ որպես հետտրանսլյացիոն մոդիֆիկացիաներ։ Սակայն այդ ծայրամասային մոդիֆիկացիաների հստակ դերը տաու-ֆիլամենտների կառուցվածքային կայունության պահպանման գործում մնում է անհայտ։
Nature Structural & Molecular Biology բժշկագիտական հանդեսում հրապարակված այս հետազոտության ընթացքում Ցուկուբայի համալսարանի գիտնականները տաու-ֆիլամենտներ են անջատել Ալցհայմերի հիվանդությունից և վակուոլյար տաուպաթիայից՝ հազվադեպ հանդիպող ժառանգական նեյրոդեգեներատիվ հիվանդությունից տառապող բուժառուների ուղեղի հյուսվածքից, գրում է «Научная Россия»-ն։ Նրանք ուսումնասիրել են այդ ֆիլամենտների կենսաբանական և կառուցվածքային հատկությունները՝ մկներին դրանք ներարկելու փորձարկումների և կրիոէլեկտրոնային միկրոսկոպիայի մեթոդով վերլուծության միջոցով։
Այս երկու հիվանդությունների դեպքում ստացված տաու-ֆիլամենտները մկների ուղեղում տաու-ախտաբանության տարբեր պատկերներ են առաջացրել։ Կրիոէլեկտրոնային միկրոսկոպիան միամանակ ցույց է տվել, որ տաու-ֆիլամենտների կառուցվածքը զգալիորեն տարբերվում է Ալցհայմերի հիվանդության և վակուոլյար տաուպաթիայի դեպքում։ Վերջինիս պարագայում հայտնաբերվել է ֆիլամենտների 5 տեսակ։ Բացի դրանից, պոլիուբիկվիտինի տեղաշարժը փոխել է որոշ տաու-ֆիլամենտների երկու պրոտոֆիլամենտների միջև սահմանը, ինչը հանգեցրել է նախկինում չդիտարկված կառուցվածքների առաջացմանը։
Այս արդյունքները վկայում են այն մասին, որ տաու-ֆիլամենտի կառուցվածքի վրա կարող է ազդել ոչ միայն խիստ կանոնակարգված միջուկը, այլև այն շրջապատող հետտրանսլյացիոն մոդիֆիկացիաները։ Ստացված տվյալները թույլ են տալիս նորովի հայացք գցել հիվանդություններին բնորոշ տաու-ֆիլամենտների կառուցվածքների ձևավորումն ու կայունացումը կարգավորող մեխանիզմներին, ինչպես նաև կարող են ընդլայնել պատկերացումները տաու-սպիտակուցի հետ կապված նեյրոդեգեներատիվ հիվանդությունների դեպքում նկատվող կառուցվածքային բազմազանության վերաբերյալ։