Հայտնաբերվել է երիտասարդության գենը․ այն 14%-ով երկարացնում է կյանքի տևողությունը

12:33   15 հոկտեմբերի, 2026

ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի և Վիսի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են SRSF1 գենը, որն ստեղծում է երիտասարդացման բազմաթիվ գործընթացներ և 14%-ով երկարացնում մկների կյանքի տևողությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Aging գիտական ամսագրում։

Ջորջ Չերչի և Ալեքս Պլեսայի ղեկավարությամբ իրականացված հետազոտությունը կենտրոնացած էր այնպիսի գործոնների որոնման վրա, որոնք ընդունակ են հետ շրջել ծերացման նշանները՝ առանց Յամանակայի գործոնների (չորս գեներ, որոնք ընդունակ են հասուն բջիջը վերածել ցողունայինի) հետ կապված քաղցկեղի առաջացման ռիսկի։ «Վերածրագրավորման մեջ գոյություն ունի հիմնարար փոխզիջում երիտասարդացման և բջջային ինքնության (իդենտիկության) միջև․ հասնել մեկին՝ առանց մյուսը կորցնելու, հնարավոր է միայն շատ նուրբ սահմանագծով անցնելիս»,- նշում է Պլեսան։

Հետազոտական թիմը մշակել է մեքենայական ուսուցման ալգորիթմ, որը կանխատեսում է բջիջների «տրանսկրիպտոմային տարիքը»՝ ըստ գեների էքսպրեսիայի պրոֆիլների։ Այս կանխատեսիչն օգտագործվել է գեների գրադարանի սկրինինգի համար, որոնք գերէքսպրեսիայի դեպքում կարող էին մարդու մաշկի ծեր ֆիբրոբլաստների տարիքը շեղել դեպի ավելի երիտասարդ վիճակ։

Սկրինինգի արդյունքներով առաջատար է դարձել ՌՆԹ-ի մշակման SRSF1 գործոնը կոդավորող գենը։ Դրա գերէքսպրեսիան նվազեցրել է ծերացման մի քանի հատկանիշներ՝ բջջային ծերացումը (սենեսցենցիան), քրոնիկ բորբոքումը («ինֆլամեյջինգը») և պրոտեոստատիկ սթրեսը, ինչպես նաև վերականգնել է ԴՆԹ-ի ռեպարացիայի ծրագրերը։ Կարևոր է, որ երիտասարդացված ֆիբրոբլաստները պահպանել են իրենց ինքնությունը և չեն թողարկել պլյուրիպոտենտության ծրագրեր, որոնք ակտիվացնում են Յամանակայի գործոնները։

Երբ SRSF1-ը տեղադրել են լյարդին թիրախավորող AAV-վիրուսի (ադենոասոցացված վիրուս) մեջ և ներարկել ծեր մկներին, կենդանիներն ավելի դանդաղ են ծերացել և ապրել են ավելի երկար (տուգիչ խմբի համեմատ՝ կյանքի միջին տևողությունն աճել է 14%-ով)։

«Նկատվում է մՌՆԹ-ի այլընտրանքային սպլայսինգի ուժեղ միտում, սակայն մենք նոր ենք սկսում հասկանալ, թե ինչպես են այդ փոփոխությունները թողարկում հյուսվածքներում երիտասարդացման բազմակողմանի ծրագիրը։ Բացի այդ, շատ հավանական է, որ ազդեցությունը առավելապես լյարդի վրա կարող է հետ շրջել ծերացումը նաև այլ օրգաններում․ երիտասարդացման ծրագրերը կարող են փոխանցվել և ուժեղացվել օրգանիզմում»,- ասում է Պլեսան։

Հեղինակների խոսքով՝ SRSF1-ը հակածերացման թերապիայի հեռանկարային թիրախ է, քանի որ այն գործում է այնպիսի մեխանիզմների միջոցով, որոնք արդեն իսկ օգտագործվում են բոլոր բջիջների կողմից, այլ ոչ թե վերասահմանում դրանց ինքնությունը։ Առաքման և դեղաչափման հարցերի լուծումը կարող է այս «հերոպրոտեկտորային» գենը վերածել երիտասարդացման արդյունավետ թերապիայի։



© NEWS.am Medicine