Նշվել է ուտելուց հետո արյան մեջ շաքարի թռիչքաձև աճը մեղմելու պարզ եղանակը

15:42   15 հոկտեմբերի, 2026

Ճապոնիայի Կիոտոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ ածխաջրերից անմիջապես առաջ օգտագործված ձիթայուղն ակնհայտորեն մեղմում է ուտելուց հետո արյան մեջ շաքարի մակարդակի թռիչքաձև աճը (առնվազն՝ մկների մոտ)։ Աշխատությունը հրապարակվել է Diabetes ամսագրում։

Փորձարկումների ընթացքում գիշերային ծոմապահությունից հետո մկներին բաժանել են խմբերի․ որոշները ձիթայուղ են ստացել գլյուկոզայից 15 րոպե առաջ, մյուսները՝ նախ գլյուկոզա, ապա ձիթայուղ, իսկ երրորդները (ստուգիչ խումբ)՝ ջուր՝ գլյուկոզայից առաջ։ Այն կենդանիների մոտ, որոնց նախ ձիթայուղ էին տվել, ուտելուց անմիջապես հետո գլյուկոզայի մակարդակը զգալիորեն ավելի ցածր է եղել, հատկապես 15-րդ և 30-րդ րոպեներին, մեկ ժամ անց ազդեցությունը չեզոքացել է։
Մեխանիզմն առանձին վերցրած հորմոնալ չի ստացվել, այլ հորմոնների և նյարդերի «փոխկապակցված համակարգ»։ Ձիթայուղ ստացած մկների ստամոքսն ավելի դանդաղ է դատարկվել, իսկ արյան մեջ աճել է գլյուկագոնի, GIP-ի և GLP-1-ի մակարդակը։ Երբ միաժամանակ արգելափակել են թե՛ գլյուկագոնը, թե՛ GLP-1-ը, օգտակար ազդեցությունը վերացել է, իսկ եթե անջատել են միայն մեկ ուղին, այն պահպանվել է։ Իսկ թափառող նյարդի ազդանշանների խաթարումը թուլացրել է ձիթայուղի ազդեցությունը նույնիսկ հորմոնների անփոփոխ մակարդակի պարագայում։

«Այն հաջորդականությունը, որով սննդանյութերը հայտնվում են աղիներում, ունակ է հորմոնների և նյարդերի համաձայնեցված արձագանք նախաձեռնել»,- նշել է աշխատանքի ղեկավար, էնդոկրինոլոգ Դայսուկե Յաբեն։ Գիտնականները ստուգել են նաև այլ ճարպեր՝ կտավատի ձեթ, խոզաճարպ, կոկոսի յուղ և ձկան յուղ․ ձիթայուղն ընդհանուր առմամբ ամենալավն է գործել, թեև առանձին ցուցանիշներով կտավատի ձեթն ու խոզաճարպը չեն զիջել դրան։

Այս մոտեցման գրավչությունը, Յաբեի խոսքով, պարզության մեջ է․ «փոխվում է միայն կերակրատեսակի ուտելու ձևը»։ Այնուամենայնիվ, արդյունքները ստացվել են մկների վրա և մարդկանց մոտ դեռևս չեն ստուգվել, ուստի դրանք մարդկային սննդակարգ տեղափոխելը վաղաժամ է։ Այդուհանդերձ, «ածխաջրերից առաջ ճարպ օգտագործելու» գաղափարը համահունչ է կերակրատեսակների հերթականության արդեն հայտնի հնարքին, որը մարդկանց շրջանում անցկացված փոքր հետազոտություններում մեղմում էր շաքարի թռիչքները, և հեղինակները այն համարում են լիարժեք կլինիկական ստուգման արժանի։


© NEWS.am Medicine