Նախաճաշը բարձրացնում է հոգեբանական ճկունությունը․ JACH

17:50   15 հոկտեմբերի, 2026

Բինգհեմթոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ սթրեսակայունությունը մեծապես պայմանավորված է ամենօրյա վարքագծով ու սովորույթներով և սկսվում է բառացիորեն նախաճաշից։ Առողջ ապրելակերպն ու ճիշտ ռեժիմը սերտորեն կապված են հոգեբանական ավելի բարձր ճկունության հետ, այսինքն՝ մտքերը, էմոցիաներն ու գործողությունները հանգամանքներին հարմարեցնելու ուտակության հետ, ինչն էլ իր հերթին օգնում է ավելի արդյունավետ հաղթահարել սթրեսը։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of American College Health ամսագրում։

Հետազոտողներն անանուն հարցում են անցկացրել շուրջ 400 ուսանողների շրջանում։ Պարզվել է, որ շաբաթական առնվազն հինգ անգամ նախաճաշելն առնչվում է սթրեսակայունության ավելի բարձր մակարդակի հետ, օրական 20 րոպեից սկսած ֆիզիկական ակտիվությունը նպաստում է առավել մեծ ճկունության, իսկ շաբաթական մի քանի անգամ ձկան յուղի օգտագործումը՝ ավելի լավ հարմարվողականության։ Ընդհակառակը՝ վեց ժամից պակաս քունն ու արագ սննդի հաճախակի օգտագործումը կապված են եղել հոգեբանական «կոշտության» ու անճկունության հետ։

«Նորությունն այստեղ այն է, որ սնունդն ու ապրելակերպն ինքնին մարդուն չեն դարձնում դիմացկուն»,- նշել է հետազոտության համահեղինակներից Լինա Բեգդաշը։ Գիտնականների մտահղացմամբ՝ առողջ սովորույթները գործում են ոչ թե ուղղակիորեն, այլ հոգեբանական ճկունության միջոցով․ հենց սա է հանդիսանում ապրելակերպի և սթրեսակայունության միջև կապող օղակը։

Կարևոր է ընդգծել, որ հետազոտությունը դիտողական բնույթ ունի․ այն ցույց է տալիս կապերը, սակայն չի ապացուցում պատճառահետևանքային կապը։ Բացառված չէ, որ առավել ճկուն և ստրեսակայուն մարդիկ ուղղակի ավելի հաճախ են առողջ ապրելակերպ վարում, այլ ոչ թե հակառակը։

Այդուհանդերձ, եզրահանգումը բավականին գործնական է թվում․ պարզ և հասանելի քայլերը՝ կանոնավոր նախաճաշը, բավարար քունն ու կարճատև մարզանքը, կարող են աջակցել ոչ միայն մարմնին, այլև ծանրաբեռնվածությունն ավելի հանգիստ տանելու կարողությանը։ Պատճառահետևանքային կապը ստուգելուն կօգնեն հետագա՝ արդեն ոչ հարցումային հետազոտությունները։ Իսկ առայժմ ստացված արդյունքներն ավելի շատ մոտիվացնում են լարված շրջաններում, օրինակ՝ քննաշրջանի կամ նախագծերի հանձնման ժամանակ, չանտեսել բազային սովորույթները։



© NEWS.am Medicine