Բժիշկն իրավունք ունի որոշելու համավճարի չափը. Ավանեսյանը՝ բժշկական ապահովագրության մասին

13:34   15 հոկտեմբերի, 2026

Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում 2 խորհրդատվության և 4 այցի սահմանաչափ ունենք. ուղեգիրը մեկ ամիս ժամկետում է ուժի մեջ, և ուղեգրում նշված հետազոտությունները կամ միջամտությունները պետք է իրականացվեն ուղեգիրը գրելուց հետո մեկ ամսվա ընթացքում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ առոսղջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով առողջապահության ապահովագրությունից օգտվելու հնարավորություններին։

«Այսինքն ամեն նեղ մասնագիտական ուղղությամբ պացիենտը ունի հնարավորություն օգտվելու երկու փոխհատուցվող խորհրդատվությունից։ Ունենք նաև դիագնոստիկ որոշակի ծառայությունների վրա տարեկան սահմանաչափեր։

Մեզ մոտ ուղեգիրը բաց է, և բոլոր բժշկական կենտրոնները, որոնք միացած են ապահովագրության համակարգին և պետական պատվերի օֆերտային, կարող են այդ ուղեգրով սպասարկել։ Պացիենտը ինքն է ընտրում՝ ուր գնալ։

Ընդհանուր առմամբ խորհրդատվությունների վրա համավճարի հատվածը օրենքով սահմանված է, թույլատրելի է և մինչև 12000 դրամի սահմանաչափ ունենք։ Սա սահմանված է ապահովագրական փաթեթով և բժշկական կենտրոնը, մասնագետը ունի իրավունք որոշելու համավճարի չափը»,–ասաց նա։

Հարցին՝ պացիենտը կարո՞ղ է այսօր գնալ X ԲԿ–ում հետազոտությունը անցնել, երկու օր հետո նույն ուղեգրով գնալ մեկ այլ ԲԿ–ում նույն հետազոտությունը անցնել, նախարարը բացասական պատասխան տվեց. «Ուղեգիրը տրվում է մեկ հետազոտություն իրականացնելու համար, կոնկրետ մեկ պացիենտի և չի կարող նույն ուղեգրով մի քանի տարբեր կենտրոններում նույն հետազոտությունը անցնել»։



© NEWS.am Medicine