19:41 15 հոկտեմբերի, 2026Նորվեգացի հետազոտողները կապ են հայտնաբերել սուրճի օգտագործման և կրկնակի թրոմբագոյացման ռիսկի նվազման միջև։ Ամենաակնառու կախվածությունը նկատվել է այն մարդկանց շրջանում, որոնց երակային թրոմբոէմբոլիայի առաջին դրվագը հրահրվել է կոնկրետ գործոններով, օրինակ՝ վիրահատությամբ, վնասվածքով կամ տևական անշարժությամբ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Research and Practice in Thrombosis and Haemostasis բժշկագիտական հանդեսում:
Գիտնականները վերլուծել են երակային թրոմբոէմբոլիայի (վիճակ, որը ներառում է խորանիստ երակների թրոմբոզ և թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա) առաջին դրվագը տարած 2071 մարդու տվյալներ: Դիտարկման ընթացքում, որի միջին տևողությունը կազմել է 2,8 տարի, հիվանդության կրկնակի դեպքեր են գրանցվել 310 մասնակցի շրջանում:
Օրական մեկ-երկու բաժակ սուրճ խմող մարդկանց օրգանիզմում կրկնակի թրոմբոէմբոլիայի հաշվարկային ռիսկը 51%-ով ավելի ցածր է եղել, քան նրանց օրգանիզմում, ովքեր սուրճ չեն խմել: Լրացուցիչ գործոնները, ներառյալ ծխելը, մարմնի զանգվածի ցուցիչը և սրտանոթային հիվանդությունները հաշվի առնելուց հետո, կապը պահպանվել է: Այն բուժառուների շրջանում, որոնց մոտ առաջին դրվագը հրահրվել էր որոշակի հանգամանքներով, հաշվարկային ռիսկի նվազումը հասել է 67%-ի:
Սակայն չհրահրված թրոմբոէմբոլիայով մարդկանց մոտ սուրճի օգտագործման և կրկնակի հիվանդության միջև վիճակագրորեն նշանակալի կապ չի հայտնաբերվել: Բացի դրանից, խմած սուրճի քանակի ավելացումը ռիսկի հետևողական նվազմամբ չի ուղեկցվել:
Հետազոտողներն ընդգծում են, որ աշխատանքը բացահայտել է վիճակագրական կապ, սակայն չի ապացուցել, որ սուրճը պաշտպանում է թրոմբների կրկնակի գոյացումից: Հետազոտությունն ունեցել է սահմանափակումներ, ներառյալ՝ սուրճ չօգտագործող մասնակիցների փոքր թիվը և հակամակարդիչների ընդունման տևողության վերաբերյալ ամբողջական տվյալների բացակայությունը: Արդյունքները հաստատելու համար անհրաժեշտ են հետագա հետազոտություններ: