21:36 15 հոկտեմբերի, 2026Սրտաբանների ամերիկյան քոլեջը կոչ է արել ֆիզիկական վարժությունները դարձնել սրտանոթային հիվանդությունների կանխարգելման և բուժման պարտադիր մաս։ JACC հանդեսում հրապարակված նոր գիտական հայտարարության մեջ մասնագետներն ընդգծել են. ֆիզիկական ակտիվության նույնիսկ աննշան աճը կարող է էապես բարելավել առողջությունը, հատկապես նստակյաց կենսակերպ վարող մարդկանց համար։
Ըստ բերված տվյալների՝ օրական մոտ 5-7 հազար քայլը կարող է ապահովել սրտանոթային առողջության ցուցանիշների զգալի բարելավում և շատ չափահասների շրջանում նվազեցնել սրտանոթային հիվանդություններից ու այլ պատճառներից մահվան ռիսկը։ Ընդ որում, օգուտ ստանալու համար պարտադիր չէ ամեն օր ձգտել 10 հազար քայլի կամ զբաղվել սպորտով պրոֆեսիոնալ մակարդակով։
Հայտարարության հեղինակները նշում են, որ ցածր կարդիոռեսպիրատոր պատրաստվածությունը՝ սրտի, թոքերի և անոթների՝ ծանրաբեռնվածության ժամանակ օրգանիզմը թթվածնով ապահովելու ունակությունը, ապագա սրտանոթային հիվանդությունների ռիսկը կանխատեսում է ոչ վատ, քան այնպիսի ավանդական գործոնները, ինչպիսիք են ծխելը, բարձր ճնշումը, խոլեստերինի բարձր մակարդակը և դիաբետը։
Սրտաբանները խորհուրդ են տալիս ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ընտրել անհատապես՝ հաշվի առնելով մարդու առողջական վիճակը, ֆիզիկական հնարավորությունները, ախտանիշները և նպատակները։ Օդակեցական վարժությունները ցանկալի է համատեղել ուժային մարզումների հետ։ Ֆիզիկական ակտիվությունը պետք է լինի անվտանգ, ուժերին համապատասխանող և կանոնավոր։
Ախտանիշներ չունեցող և կլինիկապես կայուն վիճակում գտնվող մարդկանց մեծամասնությունից չի պահանջվում անցնել ծանրաբեռնվածության թեստավորում մարզումներն սկսելուց առաջ։ Սակայն ախտորոշված սրտանոթային հիվանդություններ ունեցող բուժառուներին կարող է անհրաժեշտ լինել մարզումների անհատական ծրագիր։ Մասնագետները միաժամանակ կոչ են անում ընդլայնել կարդիոլոգիական վերականգնման հասանելիությունը և ֆիզիկական ակտիվության վերաբերյալ խորհուրդներն ավելի ակտիվորեն ներառել սովորական բժշկական պրակտիկայում։
«Ամենակարևոր ուղերձն այն է, որ ցանկացած ակտիվություն ավելի լավ է, քան դրա բացակայությունը»,- ընդգծել է հայտարարությունը նախապատրաստած աշխատանքային խմբի ղեկավար Ջոնաթան Մայերսը։