15:05 16 հոկտեմբերի, 2026Ծնեբեկի էքստրակտի վրա հիմնված հավելումները կարող են օգնել բարելավել քունը, նվազեցնել տագնապայնությունը և աջակցել կոգնիտիվ գործառույթներին: Այս եզրակացությանն են հանգել Մեծ Բրիտանիայի Ռեդինգի համալսարանի հետազոտողները՝ վերլուծելով 503 մասնակիցների մասնակցությամբ 16 հետազոտություն: Համակարգված վերանայման արդյունքները հրապարակվել են British Journal of Nutrition (BJN) ամսագրում:
Հետազոտողներն ուսումնասիրել են 14 գիտական հրապարակումներ՝ ծնեբեկի վրա հիմնված արտադրանքի քնի, տրամադրության և մտավոր ունակության վրա ազդեցության վերաբերյալ: Հետազոտւթյունների մեծ մասում մասնակիցներն ընդունել են կենտրոնացված հավելումներ, այդ թվում՝ ծնեբեկի ցողունների ֆերմենտացված էքստրակտ՝ պարզապես բանջարեղեն ուտելու փոխարեն:
Ամենահետևողական արդյունքները հայտնաբերվել են քնի հետ կապված. շատ հետազոտություններում մասնակիցները հայտնել են քնի որակի և տևողության բարելավման, ինչպես նաև արթնանալուց հետո ավելի հանգիստ լիելու զգացողության մասին: Ամենանշանակալի ազդեցությունը նկատվել է այն մարդկանց մոտ, ովքեր սկզբում քնի խնդիրներ են ունեցել: Սակայն գիշերային քնի բարելավումը միշտ չէ, որ ուղեկցվել է ցերեկային քնկոտության նվազեցմամբ:
Որոշ հետազոտություններ նաև նշել են տագնապայնության նվազում և հիշողության, ուշադրության ու մտածողության որոշակի ցուցանիշների բարելավում: Օրինակ՝ թեթև կոգնիտիվ խանգարում ունեցող 30 տարեց մարդկանց մասնակցությամբ մեկ տարի տևած հետազոտության ընթացքում, օրական 1 000 մգ դեղաչափով էքստրակտներից մեկի ընդունումը կապված էր մտավոր կարողությունների թեստերում ավելի լավ արդյունքների հետ՝ դատարկահաբի համեմատ: Միևնույն ժամանակ, այլ հետազոտություններում էական փոփոխություններ չեն հայտնաբերվել:
Գործողության հնարավոր մեխանիզմներից մեկը կապված է HSP70 սպիտակուցի հետ, որն օգնում է բջիջներին հաղթահարել սթրեսը և պաշտպանում է դրանք վնասից: Սակայն դրա դերը քնի և կոգնիտիվ գործառույթերի բարելավման գործում դեռևս պետք է հաստատել:
Հեղինակներն ընդգծել են, որ արդյունքներն առայժմ նախնական են: Հետազոտությունների մեծ մասը փոքր և կարճաժամկետ է եղել, հավելումների կազմը՝ տարբեր: Բացի այդ, ուսումնասիրությունը չի ապացուցում, որ ծնեբեկի սովորական օգտագործումը նույն ազդեցությունն է ունենում: