08:38 17 հոկտեմբերի, 2026Չափից ավելի շատ ուլտրա-մշակված սնունդ (չիպսեր, քաղցր նախաճաշեր, գազավորված ըմպելիքներ, արագ պատրաստվող լապշա և պատրաստի սառեցված ուտեստներ) օգտագործող անձանց մոտ, ավելի հաճախ են հանդիպում ուղեղի վնասման նշաններ, որոնք ապագայում կարող են մեծացնել կաթվածի և հիշողության հետ կապված խնդիրների ռիսկը։ Հետազոտությունը հրապարակվել է JAMA Network Open գիտական ամսագրում։
Կանադայի ՄաքՄասթեր համալսարանի հետազոտողները ՄՌՏ-ի միջոցով սկանավորել են 35-ից 69 տարեկան գրեթե 9 հազար մարդու ուղեղ և նկատել, որ վնասվածքների փոքրիկ հատվածներն ավելի հաճախ հանդիպում են ուլտրա-մշակված սնունդ ամենաշատն օգտագործողների մոտ՝ համեմատած նրանց հետ, ովքեր այն ամենաքիչն են կերել։
Այդպիսի սնունդ ամենաշատն օգտագործող մասնակիցների մոտ նման փոփոխությունները հանդիպել են 40%-ով ավելի հաճախ։ Դրանք ակնհայտ ախտանիշներ չեն առաջացնում, սակայն համարվում են վաղ ահազանգող նշաններ, որոնք կարող են ի հայտ գալ կաթվածից կամ հիշողության խնդիրներից տարիներ առաջ։
«Անկեղծ ասած, ես նման արդյունք չէի սպասում։ Մենք ուսումնասիրում էինք միջին տարիքի կանադացիների, որոնք չունեին սրտի հետ կապված խնդիրներ կամ առողջական այլ գանգատներ։ Սովորաբար նման վնասվածքները կապում են այնպիսի վիճակների հետ, որոնց մասին լսում և որոնք բուժում ենք շատ ավելի ավագ տարիքում», — նշել է հետազոտության առաջին հեղինակ, ՄաքՄասթեր համալսարանի Բնակչության առողջության հետազոտությունների ինստիտուտի մասնագետ Ռասել Ջ․ դե Սոուզան։
Ուլտրա-մշակված սնունդ ամենաշատն օգտագործող մասնակիցներն ունեցել են նաև մարմնի ճարպի և վիսցերալ ճարպի ավելի բարձր մակարդակ։ Որովայնային ճարպի այս տեսակը կապված է բորբոքումների և անոթների վնասման հետ, որը կարող է հասնել մինչև ուղեղ։
Ուլտրա-մշակված սննդի և ուղեղի վնասման միջև կապն ավելի արտահայտիչ է եղել կանանց մոտ․ ամենաբարձր սպառման խմբում վնասման նշանները հանդիպել են գրեթե երկու անգամ ավելի հաճախ, քան ամենացածր սպառման խմբում։
Ուլտրա-մշակված սնունդը մասնակիցների օրական բաժնի միջինում մոտ 25%-ն է կազմել։ Ամենաակտիվ սպառողների մոտ այդ մասնաբաժինը հասել է ափսեում եղածի 45%-ին"
Հետազոտողները պարզել են, որ ուլտրա-մշակված սննդի սպառման ավելացմանը զուգընթաց՝ առողջ սննդի բաժինը նվազում է։ Մասնավորապես, մրգերը, բանջարեղենը, հատիկեղենը և նվազագույն մշակում անցած այլ մթերքները կազմել են օրական սննդակարգի ընդամենը 41%-ը ուլտրա-մշակված սնունդ ամենաշատն օգտագործողների մոտ՝ այն դեպքում, երբ ամենաքիչ սպառողների խմբում այդ ցուցանիշը հասել է 68%-ի։
«Մարդիկ, որոնք ավելի շատ ուլտրա-մշակված մթերքներ են կերել, չեն սահմանափակվել պարզապես սովորական սննդակարգից ավելի շատ ուտելով։ Այդ սնունդը, կարծես, դուրս է մղել ավելի առողջ, ամբողջական սնունդը», — հավելել է դե Սոուզան։