Գիտնականները պարզել են, թե ինչպես կարող է կծու պղպեղն օգնել ավելի անվտանգ ցավազրկողների մշակման հարցում

18:31   17 հոկտեմբերի, 2026

Կապսաիցինը, որը չիլի պղպեղին կծվություն է տալիս, ակտիվացնում է ցավի TRPV1 ռեցեպտորը, որն արձագանքում է նաև ջերմությանը, բորբոքմանը և հյուսվածքների վնասմանը: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այս ռեցեպտորը կարող է տարբեր կերպ գործել՝ կախված գրգռող գործոնից: Հայտնագործությունը կարող է հանգեցնել ավելի քիչ կողմնակի ազդեցություններ ունեցող ճշգրիտ ցավազրկողների մշակմանը:

Դևիսի Կալիֆոռնիական համալսարանի  բժշկական դպրոցի գիտնականների ղեկավարած հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) ամսագրում:

TRPV1 ռեցեպտորը գտնվում է ցավն ընկալող նյարդային բջիջների վրա: Այն կարևոր դեր է խաղում ցավի ազդանշանների փոխանցման գործում և վաղուց համարվում է ցավազրկողների մշակման պոտենցիալ թիրախ, որոնք չեն առաջացնում ափիոնազգիներին բնորոշ կախվածություն: Սակայն դրա ակտիվությունն արգելափակելու փորձերը բախվել են զգալի խնդրի. TRPV1-ը նաև ներգրավված է մարմնի ջերմաստիճանի կարգավորման մեջ, և այն թիրախավորելը կարող է խաթարել այդ պրոցեսը:

Մինչ այժմ կարծում էին, որ ակտիվանալիս ռեցեպտորն ընդունում է մոտավորապես միանման բաց վիճակ՝ անկախ արձագանքն առաջացրած գրգռիչից: Նոր տվյալները կասկածի տակ են դնում այս գաղափարը:

«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ ռեցեպտորն ավելի բարդ է, քան մինչ այժմ կարծում էին։ Տարբեր գրգռիչներ, կարծես, կայունացնում են տարբեր բաց վիճակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ֆունկցիոնալ հատկությունները», - բացատրել է հետազոտության առաջին հեղինակ Բո Հյոն Լին, որը նախկինում աշխատել է Դևիսի Կալիֆոռնիական համալսարանի Չժենի լաբորատորիայում ։

Փորձերի ընթացքում հետազոտողներն ուսումնասիրել են TRPV1-ի արձագանքը կապսաիցինին, ռեզինիֆերատոքսինին (խնկունիների ընտանիքի բույսից ստացված չափազանց կծու նյութ), պրոտոններին, որոնք ստեղծում են թթվային միջավայր հյուսվածքների վնասման և բորբոքման ժամանակ, 2-APB քիմիական միացությանը և ջերմությանը։

Առանձին ալիքներով էլեկտրական հոսանքների չափումները ցույց են տվել, որ տարբեր գրգռիչներ առաջացնում են անցանելիության տարբեր մակարդակներ։ Լրացուցիչ փորձերը, ներառյալ լիցքավորված մասնիկների շարժման չափումները, սպիտակուցային փոփոխությունների ֆլուորեսցենցիան և համակարգչային մոդելավորումը, բացահայտել են ալիքի կոնֆիգուրացիայի տարբերություններ։

«Մենք ստացանք համաձայնեցվող արդյունքներ՝ օգտագործելով մի քանի անկախ փորձարարական մեթոդներ: Դրանք ցույց տվեցին, որ տարբեր գրգռիչներով ակտիվանալիս ալիքային ծակոտին միանման չէ», - նշել է ավագ հեղինակ, պրոֆեսոր Ջի Չժենը։

Գիտնականները նաև հայտնաբերել են անսպասելի ազդեցություն. երբ երկու գրգռիչ միաժամանակ ազդել են ռեցեպտորի վրա, ալիքը բացվել է ավելի դանդաղ, ոչ թե ավելի արագ: Սա ենթադրում է, որ ակտիվացման տարբեր մեխանիզմները կարող են խանգարել միմյանց։

Հետազոտողների կարծիքով՝ TRPV1-ի տարբեր վիճակների ըմբռնումը թույլ կտա նրանց մշակել դեղամիջոցներ, որոնք հիմնականում կուղղվեն ցավի հետ կապված մեխանիզմներին՝ չխանգարելով օրգանիզմի՝ ջերմությունն ընկալելու և ջերմաստիճանը կարգավորելու ունակությանը: Սակայն առայժմ սա մշակման միայն հնարավոր ուղի է. նոր դեղամիջոցներ ստեղծելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ:



© NEWS.am Medicine