Նորածնի քաշը փոխկապակցված է մաթեմատիկայի և ընթերցանության առաջադիմության հետ․ AJOG

10:39   19 հոկտեմբերի, 2026

Ակնկալվողից զգալիորեն ցածր քաշով ծնված երեխաները 14-15 տարեկանում ընթերցանության և մաթեմատիկայի միջինում փոքր-ինչ ավելի ցածր ցուցանիշներ են գրանցում։ Նման եզրահանգման են եկել հետազոտողները՝ ուսումնասիրելով Նորվեգիայում ավելի քան 92 հազար երեխայի տվյալներ։ Արդյունքները հրապարակվել են «American Journal of Obstetrics and Gynecology» (AJOG) ամսագրում։

Գիտնականները հետազոտել են հղիության 37-ից 41-րդ շաբաթներում ծնված երեխաներին։ Քաշի դեֆիցիտով են համարվել այն նորածինները, որոնց քաշն ամենացածր 10%-ի սահմանում է եղել՝ նույն սեռի և հղիության նույն ժամկետում լույս աշխարհ եկած երեխաների շրջանում։ Այս մոտեցումը թույլ է տվել տարանջատել ոչ բավարար քաշը երեխաների միջև առկա սովորական տարբերություններից, որոնք պայմանավորված են հղիության տևողությամբ։

Կրտսեր դպրոցական տարիքում ծննդյան պահին ցածր քաշ ունեցած երեխաները մաթեմատիկայից հավաքել են մոտ 2,3 միավորով ավելի քիչ, քան նորմալ քաշով ծնված նրանց հասակակիցները։ Այս տարբերությունը պահպանվել է նաև 14–15 տարեկանում՝ մնալով գրեթե երկու միավորի սահմաններում։ Ընթերցանության արդյունքները նույնպես որոշակիորեն զիջել են, սակայն անգլերենի թեստերում հետազոտողները տեսանելի տարբերություններ չեն արձանագրել։

«Միևնույն ժամանակ, ցածր քաշն ինքնին դեռ չի նշանակում, որ երեխան ուսման մեջ անպայման դժվարություններ է ունենալու։ Վաղ զարգացման փուլում նկատվող տարբերությունները միջինում աստիճանաբար նվազել են մոտավորապես հինգ տարեկանում, իսկ ծննդաբերության շաբաթով պայմանավորված ցուցանիշները գրեթե դադարել են ազդել դպրոցական առաջադիմության վրա։ Մինչդեռ ցածր քաշով ծնված երեխաների պարագայում առաջադիմության հետ կապն ավելի կայուն է եղել»,— մանրամասնել են հետազոտողները։

Որպես հնարավոր պատճառներից մեկը գիտնականները մատնանշում են ներարգանդային զարգացման պայմանները։ Պտղի աճի հապաղումը կարող է կապված լինել, օրինակ, ընկերքի աշխատանքի խնդիրների հետ, որը երեխային ապահովում է թթվածնով և սննդարար նյութերով։ Նախկինում մասնագետները ենթադրում էին, որ նման գործոնները կարող են անդրադառնալ նաև ուղեղի զարգացման վրա։ Սակայն այս նոր հետազոտությունը տվյալ մեխանիզմը չի քննել և հնարավորություն չի տալիս հստակեցնել տարբերությունների բուն պատճառը։



© NEWS.am Medicine