Զարկերակային ճնշման դեմ դեղամիջոցն օրգանիզմում «արթնացրել է» կալորիաներն այրող ճարպը։ Այս եզրակացությանն են եկել ԱՄՆ Ռոքֆելերի համալսարանի գիտնականները՝ Փոլ Քոենի գլխավորությամբ, իսկ հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։ Այս բացահայտման բանալին տվել է նեյրոցանցը, որը վերլուծել է Սլոան-Քեթերինգի անվան ուռուցքաբանական կենտրոնի ավելի քան 101 հազար պացիենտի տոմոգրաֆիայի տվյալները։ Պարզվել է, որ կալորիաները ջերմության վերածող այս ակտիվ հյուսվածքը՝ այսպես կոչված գորշ ճարպն ունեցող մարդիկ շատ ավելի քիչ են բախվում դիաբետի, սրտանոթային հիվանդությունների, տագնապայնության ու դեպրեսիայի հետ։
Գորշ ճարպը մեծահասակներին է հասել էվոլյուցիայի արդյունքում և տեսանելի է դառնում ուռուցքների ախտորոշման համար արվող ՊԷՏ-ԿՏ հետազոտության պատկերներում։ 101 հազար պացիենտից այն առկա է եղել 8,9 հազարի մոտ։ Գիտնականներն այս խմբին համեմատել են մյուսների հետ՝ ըստ տարիքի, սեռի, քաշի և անգամ հետազոտության օրվա եղանակի։ Պարզվել է, որ գորշ ճարպն ավելի շատ հանդիպում է կանանց մոտ, իսկ տարիքի ու ավելորդ քաշի ավելացմանը զուգահեռ՝ դրա քանակը նվազում է։ Գորշ ճարպ ունեցողների շրջանում շուրջ երկու անգամ ավելի հազվադեպ է հանդիպել 2-րդ տիպի շաքարային դիաբետ և սրտի իշեմիկ հիվանդություն, նկատելիորեն քիչ՝ բարձր ճնշում, մեկ երրորդով պակաս՝ դեպրեսիա, ինչպես նաև նրանք էապես ավելի քիչ են բողոքել տագնապից ու անքնությունից։
Նեյրոցանցը լրացուցիչ չափել է գորշ ճարպի և մարմնում դրա վեց հիմնական «պահեստարանների» ակտիվությունը 8,7 հազար մարդու մոտ։ Որքան ակտիվ է եղել այդ հյուսվածքը, այնքան ավելի քիչ են ի հայտ եկել դիաբետը, նախասրտերի շողացումը, կորոնար հիվանդությունն ու սրտային անբավարարությունը։ Ամենից շատ առողջության հետ կապված է եղել թևատակի հատվածի ճարպը. դրա ակտիվությունն ուղղակիորեն նպաստել է օրգանների շուրջ կուտակվող վնասակար ներքին (վիսցերալ) ճարպի «ճիշտ» բաշխմանը։ Բացի այդ, գորշ ճարպ ունեցողների մոտ զգալիորեն ավելի լավ են եղել նաև արյան ցուցանիշները՝ գլյուկոզայի մակարդակից մինչև «լավ» խոլեստերինը։
Մինչ այժմ գորշ ճարպը հնարավոր էր ակտիվացնել միայն ցրտի կամ ադրենալինային խթանիչների միջոցով, սակայն կողմնակի ազդեցությունների պատճառով այդ մեթոդները չէին կարող վերածվել լիարժեք բուժման։ Ուստի գիտնականները սկսեցին փնտրել այն ակտիվացնող դեղամիջոցներ։ 125 դեղերի փորձարկումը ցույց տվեց, որ բետա-բլոկատորներն ու ՍՀՎԱ (СИОЗС) խմբի հակադեպրեսանտները ճնշում են այս ճարպի աշխատանքը, իսկ մակերիկամի կեղևի հորմոնը, ընդհակառակը, նպաստում է դրան։ Իսկ ահա իրական անակնկալ դարձան ճնշման դեմ կիրառվող անգիոտենզինի ընկալիչների պաշարիչները։
Օրինակ՝ անոթները լայնացնող դեղամիջոցներից մեկը բարձրացրել է ջերմագոյացման գլխավոր գործոնի՝ UCP1 թերմոգենինի մակարդակը։ Դեղն ընդունած լաբորատոր մկներն ավելի շատ էներգիա են ծախսել ինչպես տաք, այնպես էլ ցուրտ միջավայրում՝ պահպանելով նույն քաշն ու ախորժակը։ Այդուհանդերձ, մինչև պատրաստի դեղահաբերի ստեղծումը դեռ երկար ճանապարհ կա. նախ պետք է փորձարկումներ անցկացվեն մարդկանց վրա, իսկ առկա տվյալներն արդեն իսկ հուշում են գորշ ճարպի մեկ հնարավոր թերության մասին՝ ոսկրերի խտության չնչին նվազում։