Օրական ավելի քան 8 հազար քայլը բարձրացնում է ուշադրության կենտրոնացումը․ SciRep

10:47   20 հոկտեմբերի, 2026

ԱՄՆ Բեյլորի բժշկական քոլեջի գիտնականները պարզել են, որ օրական ավելի քան ութ հազար քայլ կատարող մարդիկ ավելի լավ են հաղթահարում ուշադրության կենտրոնացման, շեղող գործոններն անտեսելու և ազդակային որոշումները վերահսկելու թեստերը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports (SciRep) գիտական պարբերականում։

Գիտնականները վերլուծել են 18-ից 93 տարեկան 3093 չափահաս ամերիկացիների տվյալներ։ Ֆիզիկական ակտիվությունը գնահատելու համար հետազոտողներն օգտագործել են ֆիթնես-թևնոցների ցուցանիշները։ Մասնակիցները նաև կոգնիտիվ թեստեր են անցել, որոնք գնահատել են չորս հիմնական հմտություն՝ ուշադրության կայունությունը, կողմնակի ազդակներն անտեսելու ունակությունը, ակնթարթային և հետաձգված պարգևատրման միջև ընտրությունը, ինչպես նաև դիմախաղով հույզերը ճանաչելը։

Ըստ քայլերի քանակի՝ մասնակիցներին բաժանել են երեք խմբի։ Առաջին խումբն օրական անցել է միջինում 5108 քայլ, երկրորդը՝ 8875, իսկ երրորդը՝ ավելի քան 14 հազար։

«Առավել ակտիվ երկու խմբերի մասնակիցներն ավելի լավ են հաղթահարել ուշադրության, շեղումների վերահսկման և որոշումների կայացման առաջադրանքները, քան քիչ քայլողները։ Ընդ որում, ամենաակտիվ խումբն արձանագրել է կայուն ուշադրության ամենաբարձր ցուցանիշները»,— նշել են գիտնականները։

Տարիքը, կրթությունը, եկամուտը և այլ գործոնները հաշվի առնելուց հետո պարզվել է, որ օրական մոտ 8875 քայլ անցնող մասնակիցների ուշադրության թեստի արդյունքները միջինում 1,76 միավորով ավելի բարձր են եղել, քան նվազագույն ակտիվություն ցուցաբերած խմբինը։ Իսկ մոտ 14 հազար քայլ անցնողների շրջանում այդ տարբերությունը կազմել է 2,17 միավոր։

Հետազոտողները նաև կապ են հայտնաբերել սիստոլիկ զարկերակային բարձր ճնշման և որոշումների կայացման թեստերում համեմատաբար ցածր արդյունքների միջև։ Այդուհանդերձ, ճնշման ազդեցությունը բացահայտված փոխկապակցվածության վրա չնչին է եղել։

Գիտնականները ենթադրում են, որ ֆիզիկական ակտիվությունը կարող է նպաստել գլխուղեղի աշխատանքին՝ նյութափոխանակության բարելավման, բորբոքային գործընթացների նվազման և նյարդային համակարգի հարմարվողականության բարձրացման շնորհիվ։ Այդուամենայնիվ, այս մեխանիզմներն անմիջականորեն հետազոտության շրջանակում չեն ստուգվել։


© NEWS.am Medicine