Մշակվել է նոր սերնդի ձողախողովակ, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել վտանգավոր վահանիկները պսակաձև զարկերակների ներսից

17:38   21 հոկտեմբերի, 2026

Դեյվիսի Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողներն ավարտել են պսակաձև զարկերակներում աթերոսկլերոտիկ վահանիկների կառուցվածքն ու քիմիական կազմը իրական ժամանակում ուսումնասիրելու հնարավորություն տվող սարքի առաջին փորձարկումները մարդկանց վրա, ասվում է համալսարանի հաղորդագրության մեջ:

Նոր տեխնոլոգիան կարող է օգնել բժիշկներին ավելի ճշգրիտ գնահատել վահանիկների պատռման ռիսկը և ընտրել բուժման մարտավարությունը:

Ճկուն կաթետերը մշակել են Ինտերվենցիոն բիոֆոտոնիկ տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (NCIBT) մասնագետները: Այն համատեղում է պատկերման երկու մեթոդ՝ ֆլուորեսցենտային կյանքի տևողության պատկերում (FLIm) և օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա՝ բևեռացման վերլուծությամբ (PS-OCT): Առաջին մեթոդը թույլ է տալիս գնահատել հյուսվածքների բիոքիմիական կազմը դրանց բնական ֆլուորեսցենցիայով, իսկ երկրորդը՝ ուսումնասիրել դրանց միկրոկառուցվածքը:

Միջամտության ընթացքում կաթետերը՝ ձողախողովակը, մտցվում է պսակաձև զարկերակների մեջ, որտեղ այն պտտվում է և աստիճանաբար դուրս քաշվում՝ միաժամանակ ստանալով պատկերներ: Երկու վայրկյանում սարքն ունակ է սկանավորել զարկերակի 80 մմ երկարությամբ հատվածը: Այն թույլ է տալիս հայտնաբերել վահանիկների կուտակումները նույնիսկ մինչև արտահայտված ստենոզի՝ անոթի ախտաբանական նեղացման զարգացումը, որը կարող է խախտել արյան բնականոն հոսքը:

Ներանոթային պատկերման գոյություն ունեցող մեթոդները, ներառյալ օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիան և ուլտրաձայնային հետազոտությունը, օգնում են գնահատել անոթների կառուցվածքը, բայց նույնպիսի տեղեկություններ չեն տալիս դրանց բիոքիմիական կազմի մասին: Մինչդեռ վահանիկների առանձնահատկությունները կարող են նշել բորբոքման և դրանց պատռման բարձր ռիսկի մասին: Դա կարևոր է, քանի որ վահանիկի պոկված հատվածները և ձևավորված թրոմբները կարող են հանգեցնել ինֆարկտի կամ այլ ծանր բարդությունների:

«Այս տեխնոլոգիան կարող է օգնել բժիշկներին ավելի լավ հասկանալ աթերոսկլերոտիկ սիրտ-անոթային հիվանդության զարգացումը և ընտրել բուժումը՝ հաշվի առնելով բուժառուի անհատական առանձնահատկությունները»,- հայտարարել է NCIBT-ի հիմնադիր Լորա Մարկուն:

Ավելի վաղ սարքը փորձարկվել էր կենդանիների և մարդկային պսակաձև զարկերակների նմուշների վրա: Այս տարի ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի որակի վերահսկողության վարչությունը (FDA) թույլատրել է անցկացնել հետազոտություն 10 բուժառուի մասնակցությամբ: Օգոստոսին թիմն ավարտել է պատկերումը վերջին մասնակցի մոտ:

Հաջորդ փուլը կլինի հետազոտության ընդլայնումը: Հեռանկարում մշակողները նախատեսում են կաթետերը կիրառել կարդիոլոգիական լաբորատորիաներում՝ վահանիկների բնութագրերն ավելի ճշգրիտ որոշելու և ստենտների՝ նեղացած զարկերակների լուսանցքը պահպանող հատուկ կառուցվածքների տեղադրման վայրերն ընտրելու համար:



© NEWS.am Medicine