Յուղոտ ձուկ օգտագործող կանանց մոտ կաթվածից մահվան վտանգը 19%-ով ավելի ցածր է․ The Journal of Nutrition

08:42   22 հոկտեմբերի, 2026

Օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ ձուկ հաճախ օգտագործող կանանց մոտ գլխուղեղի անոթային հիվանդություններից մահանալու հավանականությունը մոտ 19%-ով ավելի ցածր է, քան այն կանանց մոտ, որոնք հազվադեպ են այն ներառում իրենց սննդակարգում։ Այս եզրակացությանն են եկել The Journal of Nutrition հանդեսում հրապարակված հետազոտության հեղինակները։

Գիտնականները վերլուծել են Ճապոնիայի 90 944 բնակչի տվյալներ՝ նրանց առողջությանը հետևելով միջինը 20,8 տարի։ Այդ ընթացքում հետազոտության մասնակիցներից մահացել է 26 976-ը։

Պարզվել է, որ կանանց դեպքում ձկան և ծովամթերքի չափավոր օգտագործումը նպաստում է ընդհանուր մահացության ցուցանիշի նվազմանը։ Այս կապն ամենից ցայտուն է արտահայտվել յուղոտ ձկնատեսակների՝ սաղմոնի, սարդինայի և սկումբրիայի դեպքում։ Տղամարդկանց շրջանում ծովամթերքի ընդհանուր քանակը մահացության ցուցանիշի վրա չի ազդել, սակայն ոչ աղի ձկան ու ծովամթերքի օգտագործումը նվազեցրել է գլխուղեղի անոթային հիվանդություններից մահանալու վտանգը։

Հետազոտության հեղինակները կարծում են, որ կարևոր է ոչ միայն ձկան տեսակը, այլև մշակման եղանակը։ Աղ դրած մթերքները մեծ քանակությամբ նատրիում են պարունակում, որի ավելցուկը բարձրացնում է արյան ճնշումը և մեծացնում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։

Միևնույն ժամանակ, հետազոտությունը կրել է դիտողական բնույթ և ուղղակիորեն չի ապացուցում, թե ձուկ ուտելն անմիջականորեն նվազեցնում է մահվան վտանգը։ Գիտնականները չեն նշել նաև բոլորի համար միասնական օպտիմալ չափաբաժին, քանի որ արդյունքները կանանց և տղամարդկանց դեպքում տարբեր են եղել։



© NEWS.am Medicine