Չինացի գիտնականները գլխուղեղի ուսումնասիրության համար ընդամենը 1 գրամանոց սարք են ստեղծել

12:43   22 հոկտեմբերի, 2026

Չինաստանի Ցինհուա համալսարանի գիտնականները մշակել են Airscope գերթեթև անլար սարքը, որը թույլ է տալիս շարժման մեջ միաժամանակ հետևել հազարավոր նեյրոնների ակտիվությանը։ Տեխնոլոգիան կօգնի ուսումնասիրել ուղեղի աշխատանքի մեխանիզմները, իսկ հեռանկարում կարող է կիրառվել նաև քաղցկեղային և իմունային հիվանդությունների հետազոտություններում։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը (SCMP)։

Airscope-ը կոմպակտ օպտիկական մեզոսկոպ է, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում մանրադիտակի և մակրոսկոպի միջև։ Այն հնարավորություն է տալիս կենսաբանական հյուսվածքի համեմատաբար մեծ հատվածում հետևել առանձին բջիջների ակտիվությանը։ Ընդ որում, սարքը չի պահանջում ֆիքսել կենդանու գլուխը կամ միացնել շարժումները սահմանափակող ծանրաշարժ մալուխներ։

Մշակողներին հաջողվել է համակարգի չափսերը սովորական սեղանի մանրադիտակների համեմատ փոքրացնել գրեթե 100 հազար անգամ՝ միաժամանակ պահպանելով նեյրոնային ազդանշանների գրանցման համադրելի որակը։ Կառուցվածքում օգտագործվել են երկու մեգապիքսելանոց պատկերի սենսոր և տվյալների անլար փոխանցման համակարգ։ Արհեստական բանականությունն օգնել է օպտիմալացնել ոսպնյակների կառուցվածքը, իսկ համակարգչային տեսողության ալգորիթմները՝ տեսագրության մեջ ինքնաշխատ եղանակով ճանաչել և անընդհատ հետևել առանձին օբյեկտներին։

Փորձերի ընթացքում հետազոտողները սարքն ամրացրել են մկներին և թույլ տվել նրանց ազատ տեղաշարժվել հատուկ կահավորված միջավայրում, որտեղ եղել են թաքստոցներ, բներ և խոչընդոտներ։ Airscope-ի միջոցով գիտնականները կարողացել են միաժամանակ արձանագրել կենդանու գլխուղեղի կեղևի ավելի քան 8500 առանձին նեյրոնների ակտիվությունը, մինչ նա ուսումնասիրում էր շրջապատող տարածքը։

Ստացված տվյալները թույլ են տվել ուսումնասիրել նեյրոնային ցանցերի ակտիվության և մկների սոցիալական վարքագծի միջև կապը։ Հետագայում թիմը ծրագրում է հետազոտել հույզերի և սոցիալական փոխազդեցությունների հետ կապված նեյրոնային մեխանիզմները, ինչը կարող է օգնել այնպիսի խնդիրների ուսումնասիրմանը, ինչպիսին է դեպրեսիան։

Հեղինակների խոսքով՝ տեխնոլոգիայի հնարավոր կիրառման ոլորտները չեն սահմանափակվում միայն նեյրոկենսաբանությամբ։ Հեռանկարում պատկերման նմանատիպ համակարգերը կարող են օգտագործվել նաև իմունոլոգիայում և ուռուցքաբանության մեջ հիվանդությունների զարգացմանը հետևելու համար։



© NEWS.am Medicine