18:51 22 հոկտեմբերի, 2026Չափավոր ցուրտը արդյունավետորեն երկարացնում է կենդանիների կյանքը և դանդաղեցնում տարիքային փոփոխությունները: Սակայն այն, թե ինչպես են ցածր ջերմաստիճանները մոլեկուլային մակարդակում գործարկում այդ օգտակար ազդեցությունները, մեծ մասամբ անհայտ էր մնում: Այժմ Քյոլնի համալսարանի գիտնականները վերծանել են ազդանշանային համակարգը, որը կարգավորվում է տարբեր հյուսվածքներում առկա մետաբոլիտներով: Արդյունքները հրապարակվել են Nature գիտական հանդեսում:
Caenorhabditis elegans նեմատոդի (կլոր որդի) վրա կատարված հետազոտության մեջ գիտնականները ցույց են տվել կապը ցրտի, կյանքի տևողության ավելացման և պրոտեոստազի՝ սպիտակուցների հոմեոստազի պահպանման միջև: Պարզվել է, որ մկաններն աշխատում են որպես «կենտրոնական ֆաբրիկա»՝ արտադրելով դիհիդրոբիոպտերին (BH2) մետաբոլիտը:
Այնուհետև BH2-ը տեղափոխվում է այլ հյուսվածքներ, որտեղ օգտագործվում է տիրոզին ամինաթթվի արտադրության համար: Այդ մետաբոլիկ ուղին օգնում է ամրապնդել ֆունկցիոնալ սպիտակուցների պահպանման համար պատասխանատու բջջային մեխանիզմը:
Գիտնականները բացահայտումները հաստատել են նաև Հանտինգտոնի հիվանդության և կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի (ԿԱՍ) բջջային մոդելների վրա. դրանք տարիքային նեյրոդեգեներատիվ հիվանդություններ են, որոնց դեպքում կուտակվում են վնասված սպիտակուցներ:
«Ուրախ ենք ցույց տալ, որ չափավոր ցուրտ ջերմաստիճանները գործարկում են կոնկրետ BH2 մետաբոլիտի զգալի արտադրություն, որը սինթեզվում, պահպանվում, իսկ այնուհետև արտազատվում է մկանային հյուսվածքի կողմից: BH2-ն այնուհետև ուղղվում է մարմնի այլ մասեր, որտեղ օգնում է պահպանել սպիտակուցային հոմեոստազը և հյուսվածքների առողջությունը ծերացման ընթացքում»,- պարզաբանել է հետազոտության ղեկավար Դևիդ Վիլչեսը:
Ըստ նրա՝ արդյունքները ենթադրում են, որ ազդեցությունը մեկ հյուսվածքի, օրինակ՝ մկանների վրա, կարող է ապահովել ամբողջ օրգանիզմի պաշտպանությունը: Դա նոր ուղիներ է բացում թերապևտիկ մոտեցումների համար:
Հիմնվելով նախորդ հետազոտությունների վրա՝ գիտնականները ստուգել են՝ արդյոք հնարավո՞ր է վերարտադրել ցրտի օգտակար ազդեցությունները մետաբոլիտային հավելումների միջոցով: BH2-ի և տիրոզինի ներմուծումը բավարար է եղել պաշտպանիչ ազդեցության համար ինչպես C. elegans-ի, այնպես էլ բջջային կուլտուրաների մոտ: Դա խոսում է այն մասին, որ մետաբոլիտները կարող են վերարտադրել ցրտի օգտակար ազդեցությունների մի մասը:
«Մենք իսկապես զարմացած էինք՝ հայտնաբերելով, որ հավելումները զգալիորեն երկարացրել են կյանքը նույնիսկ ստանդարտ և ավելի տաք ջերմաստիճանների պայմաններում: Մարդկային բջիջների վրա հետագա փորձարկումները մեզ մղում են փնտրելու բուժման այնպիսի մեթոդներ, որոնք նմանակում են ցրտի օգտակար ազդեցություններն առանց մարմնի ջերմաստիճանը փոխելու»,- ասում է Վիլչեսը:
Գիտնականներն ընդգծում են. հետազոտությունների ընթացիկ փուլում դեռ վաղ է խոսել «հաբի» մշակման մասին, որը վերարտադրում է ցրտից կյանքի երկարաձգման ազդեցությունը: Սակայն արդյունքները լավ ելակետ են տալիս Հանտինգտոնի հիվանդության և կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի (ԿԱՍ) մետաբոլիտային բուժման հետագա հետազոտությունների համար: