Մոնղոլիայի առողջապահության նախկին նախարարը միացել է Գևորգ Թամամյանի միջազգային խորհրդատվական խորհրդին

13:37   22 հոկտեմբերի, 2026

Մոնղոլիայի առողջապահության նախկին նախարար, խորհրդարանի՝ Պետական մեծ խուրալի ներկայիս պատգամավոր, դոկտոր Չինբուրեն Ժիգժիդսուրենը (Chinburen Jigjidsuren) միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանի նախընտրական նախաձեռնության միջազգային խորհրդատվական խորհրդին։

Մասնագիտությամբ վիրաբույժ Չինբուրեն Ժիգժիդսուրենը Մոնղոլիայում լյարդի և ենթաստամոքսային գեղձի վիրաբուժության զարգացման առաջամարտիկներից է։ Գործընկերների հետ նա ստեղծել է երկրում այդ ուղղությամբ մասնագիտացված առաջին վիրաբուժական թիմը, իսկ որպես Քաղցկեղի ազգային կենտրոնի տնօրեն՝ նպաստել լյարդի փոխպատվաստման ծրագրի մեկնարկին։

Առողջապահության նախարարի և խորհրդարանի պատգամավորի պաշտոններում նա ակտիվորեն զբաղվել է առողջապահական նորարարությունների ներդրման և բնակչության համար բուժօգնության հասանելիության ընդլայնման հարցերով։

Վերջերս Մոնղոլիայի խորհրդարանն ընդունել է ծխախոտի դեմ պայքարի մասին օրենքում փոփոխություններ, որոնց մշակման նախաձեռնողներից է եղել նաև Չինբուրեն Ժիգժիդսուրենը։ Օրենսդրական փոփոխություններն ուղղված են ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացող առողջապահական ռիսկերի նվազեցմանը և բնակչության, հատկապես երիտասարդ սերնդի առողջության պաշտպանությանը։



© NEWS.am Medicine