Ինչպես է գերվերամշակված սնունդն ազդում երեխաների ուղեղի վրա. հետազոտողները հայտնաբերել են կապ քաշ հավաքելու հետ

18:14   24 հոկտեմբերի, 2026

Ավելի շատ գերմշակված սնունդ օգտագործող երեխաներն ուղեղի պարգևատրման համակարգում ավելի ուժեղ արձագանք են ցուցաբերում գրավիչ սննդի պատկերներին: Հետազոտողները պարզել են, որ ուղեղի ակտիվության այս առանձնահատկությունները կապված են օրգանիզմում ճարպային հյուսվածքի աճի հետ մեկ տարի անց: Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել է յոթից տասը տարեկան 46 երեխա, որոնք սկզբնական շրջանում առողջ քաշ են ունեցել: Գիտնականներն ուղեղի ՄՌՏ սքանավորում են կատարել, մինչ երեխաները դիտում էին գրավիչ սննդի պատկերներ, ինչպիսին են թխվածքաբլիթները և կարտոֆիլի ֆրին: Հետազոտողները նաև տվյալներ են հավաքել մասնակիցների սննդակարգի, մարմնի զանգվածի ինդեքսի, իրանի շրջագծի և օրգանիզմում ճարպի տոկոսային պարունակության վերաբերյալ: Մեկ տարի անց չափումները կրկնվել են:

Պարզվել է, որ ավելի շատ գերվերամշակված սնունդ օգտագործող երեխաների մոտ ավելի ուժեղ է ակտիվացել դորսալ ստրիատումը՝ ուղեղի այն հատվածը, որը ներգրավված է պարգևատրման զգացման ձևավորման և մոտիվացիայի մեջ: Այս հատվածում սննդի պատկերների նկատմամբ ավելի ուժեղ արձագանքը նույնպես կապված է եղել մարմնի զանգվածի ինդեքսի և օրգանիզմում ճարպային հյուսվածքի բաժնի աճի հետ հաջորդ տարվա ընթացքում:

Դիտարկումների ավարտին այն երեխաները, ովքեր ավելի հաճախ են օգտագործել այս սննդամթերքները, միջին հաշվով ունեցել են ավելի բարձր մարմնի զանգվածի ինդեքս, օրգանիզմում և իրանի շրջագծում ճարպի ավելի մեծ տոկոս: Երբ հետազոտողները հաշվի են առել սննդի պատկերներին ուղեղի արձագանքի տարբերությունները, գերվերամշակված սննդի սպառման և մարմնի զանգվածի ինդեքսի բարձրացման միջև կապը նվազել է 31 տոկոսով, իսկ մարմնօրգանիզմում ճարպի տոկոսի բարձրացմանը՝ 44 տոկոսով: Սա ենթադրում է, որ ուղեղի արձագանքի տարբերությունները կարող են մասամբ բացատրել սննդակարգի և մարմնի կազմի փոփոխությունների միջև կապը:

Գերվերամշակված սննդամթերքները ներառում են, օրինակ, որոշ պատրաստի նախաճաշեր, արդյունաբերական փաթեթավորված հաց և արագ պատրաստվող ապուրներ: Դրանք հաճախ պարունակում են բաղադրիչներ, որոնք սովորաբար չեն օգտագործվում տնական կերակուրներում: Միացյալ Նահանգներում այս սննդամթերքներին, ըստ գնահատականների, բաժին է ընկնում երեխաների սննդաբաժնի օրական կալորիականության մոտ 67 տոկոսը:

Հետազոտության ավագ հեղինակ, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Քեկի բժշկական դպրոցի բժշկության և մանկաբուժության պրոֆեսոր Քեթլին Փեյջն ընդգծել է, որ ուղեղը, սննդային սովորությունները և նախասիրությունները շարունակում են ձևավորվել մանկության ընթացքում: Հետևաբար, նրա խոսքով՝ վաղ միջամտությունը կարող է մեծ նշանակություն ունենալ:



© NEWS.am Medicine