Նիհարելու համար նախատեսված փորձնական դեղամիջոցը քնի մեջ շնչառության կանգը կրճատել է 40 տոկոսով

15:41   25 հոկտեմբերի, 2026

Քաշի կորստի համար նախատեսված փորձնական ռետատրուտիդ դեղամիջոցը նպաստել է ափնոեների քանակի նվազեցմանը քնի օբստրուկտիվ ափնոեով տառապող, ավելորդ քաշ և ճարպակալում ունեցող անհատների մոտ: Երրորդ փուլի երկու մեծ կլինիկական փորձարկումներում ազդեցությունը նկատվել է ինչպես 2-րդ տեսակի դիաբետ ունեցող, այնպես էլ այն չունեցող պացիենտների մոտ: Արդյունքները հրապարակվել են The New England Journal of Medicine-ում:

TRIUMPH-1-OSA և TRIUMPH-2-OSA հետազոտություններում ներառվել են չափավորից մինչև ծանր ափնոե և առնվազն 27 մարմնի զանգվածի ինդեքս ունեցող մեծահասակներ: Մասնակիցները ստացել են ռետատրուտիդի շաբաթական ներարկումներ 4, 9 կամ 12 մգ դեղաչափերով, կամ դատարկահաբ: Բուժումը տևել է 80 շաբաթ, պացիենտների առաջընթացը գնահատվել է գիշերային քնի ուսումնասիրությունների միջոցով:

Փորձարկման ավարտին դեղամիջոցը բոլոր երեք դեղաչափերով ավելի արդյունավետորեն է նվազեցրել ափնոեների քանակը, քան դատարկահաբը: Երկու ավելի բարձր դեղաչափերի դեպքում ափնոեների քանակը նվազել է միջինը մոտավորապես 25 դրվագով ժամում՝ մոտավորապես 40 տոկոս նվազում: Դատարկահաբ ընդունածների խմբում նվազումը կազմել է մոտավորապես 10 դրվագ ժամում: Ռետատրուտիդի բարձր դեղաչափեր ստացող մասնակիցների 39-52 տոկոսի մոտ վիճակը մեղմացել է, կամ ափնոեի ախտանիշներն անհետացել են, և այս պացիենտները չեն զգացել խիստ քնկոտություն ցերեկը: Դատարկահաբ ընդունածների խմբում այս արդյունքին հասել է մասնակիցների մոտավորապես 13 տոկոսը:

Արդյունքն ուղեկցվել է քաշի կորստով։ 4 մգ դեղաչափ ընդունող, դիաբետ չունեցող պացիենտների մոտ քաշի կորուստը միջինը կազմել է 12.5 տոկոս։ 2-րդ տեսակի դիաբետ ունեցող մարդկանց մասնակցությամբ անցկացված ուսումնասիրության մեջ ավելի բարձր դեղաչափերով քաշի կորստը հասել է 18-19 տոկոսի՝ դատարկահաբ ընդունածների խմբում մոտ 6 տոկոսի համեմատ։

Ռետատրուտիդը միաժամանակ թիրախավորում է ախորժակի, արյան մեջ շաքարի մակարդակի և էներգիայի նյութափոխանակության կարգավորմանը մասնակցող երեք հորմոնալ ռեցեպտորները։ Ի տարբերություն սեմագլուտիդի և թիրզեպատիդի, որոնք համապատասխանաբար ազդում են մեկ և երկու հորմոնալ ուղիների վրա, փորձնական դեղամիջոցը ակտիվացնում է GLP-1, GIP և գլյուկագոնի ռեցեպտորները։ Սա օգնում է նվազեցնել ախորժակը, ուժեղացնել հագեցածության զգացումը և ավելացնել էներգիայի ծախսը։

ՍԻՊԱՊ թերապիան՝ դիմակ, որը մատակարարում է ճնշման տակ գտնվող օդ և օգնում է բաց պահել շնչուղիները, մնում է ափնոեի ստանդարտ բուժումը։ Սակայն որոշ պացիենտների համար դժվար է օգտագործել սարքն ամեն գիշեր։ Հաստատվելու դեպքում ռետատրուտիդը կարող է դառնալ լրացուցիչ բուժման տարբերակ ճարպակալում ունեցող մարդկանց համար։ Միևնույն ժամանակ, հետազոտության արդյունքները չեն նշանակում, որ պացիենտները պետք է կամավոր դադարեցնեն ՍԻՊԱՊ-թերապիան։



© NEWS.am Medicine