Ժամանակակից աշխարհում կուշտ քնելն ավելի ու ավելի է դժվարանում

23:47   26 հոկտեմբերի, 2026

Քնի ընթացքում մեր օրգանիզմը վերականգնում է հյուսվածքները, մաքրում ուղեղը կուտակված թափոններից և ամրապնդում հիշողությունը. այդ ամենը ծայրահեղ կարևոր է բարեկեցության և առողջության համար:

Սակայն ջերմաստիճանի բարձրացումը, թվային տեխնոլոգիաների զարգացումը և շուրջօրյա աշխատանքային ռիթմն ավելի ու ավելի են խախտում քունը:

Եվ դրա դեմ պայքարելիս, ինչպես զգուշացնում են Journal of Sleep Research-ում հրապարակված հոդվածի հետազոտողները, պետք է գործեն ոչ միայն առանձին անհատներ: Գիտնականները եվրոպական երկրների կառավարություններին կոչ են անում զբաղվել սոցիալական և տնտեսական պայմաններով, որոնցից է կախված՝ արդյո՞ք մարդիկ բավարար վերականգնողական քուն են ստանում:

«Մենք ակնհայտորեն տեսնում ենք գործոնների իդեալական համընկնում, որոնք Եվրոպայում լուրջ խնդիրներ են ստեղծում քնի համար»,- մամուլի հաղորդագրության մեջ հայտարարել է հետազոտության համահեղինակ, Նոթինգհեմ Տրենտ համալսարանի (NTU) հոգեբանության և քնի դասախոս Ֆրեն Փիլքինգինգթոն-Չեյնին:

«Մարդիկ հասկանում են, որ քունը նշանակություն ունի, բայց քչերն են գիտակցում, թե ինչպես մի շարք գործոններ, մասնավորապես՝ կլիման փոփոխությունը, տեխնոլոգիաները, հերթափոխային աշխատանքը, քաղաքային միջավայրն ու ապատեղեկատվությունը, համատեղ ազդում են այն բանի վրա, թե որքան լավ ենք մենք քնում»,- հաղորդում է Euronews-ը:

Հեղինակները կոչ են անում «հրաժարվել բացառապես անհատական մոտեցումներից՝ հօգուտ քաղաքականության, առողջապահության, կրթության, արդյունաբերության և քաղաքաշինական պլանավորման ոլորտներում համակարգված համատեղ գործողությունների», որպեսզի պատասխանեն մարդկանց լիարժեք քնելուն խոչընդոտող առանցքային մարտահրավերներին:

Դրանց շարքին, ըստ հետազոտության տվյալների, դասվում են կլիմայի փոփոխությունն ու քաղաքային միջավայրը, սոմնոլոգիական օգնության անհավասար հասանելիությունը, թվային բժշկական տեխնոլոգիաների բուռն տարածումը, առցանց ապատեղեկատվությունը, ինչպես նաև մշտական կապի մեջ գտնվելու մշակույթը, որը գնալով ավելի քիչ ժամանակ է թողնում հանգստի համար:

Բնապահպանական, տեխնոլոգիական և սոցիալական գործոնների համալիրում, որոնց պատճառով մարդկանց համար դժվարանում է լիարժեք քնելը, ջերմաստիճանի բարձրացումն զատվում է որպես առանձնհատուկ խնդիր:

Եվրոպան ամենաարագ տաքացող մայրցամաքն է, և գնալով ավելի շոգ գիշերները խանգարում են օրգանիզմին սառչել, հետաձգում են քնելու ժամը և հանգեցնում հաճախակի արթնացումների:

Իրավիճակը սրում են քաղաքային աղտոտվածությունը, տրանսպորտի աղմուկը և գիշերային արհեստական լուսավորությունը, իսկ կլիմայական տագնապն ու ծայրահեղ եղանակային երևույթները լրացուցիչ խարխլում են հոգեկան առողջությունն ու քունը:

Ընդ որում, հետևանքները, ամենայն հավանականությամբ, անհավասարաչափ են բաշխված: Վատ մեկուսացված տներում ապրող, բնակարանը հովացնելու միջոցներ չունեցող կամ նեղ բնակարաններում ծվարած մարդիկ մեծ դժվարությունների են բախվում քնի համար հարմարավետ պայմաններ ապահովելիս: Փախստականներն ու բռնի տեղահանված անձինք հաճախ ենթարկվում են չափազանց շոգի, աղմուկի, արհեստական լույսի ազդեցությանը և զրկված են անձնական տարածքի հնարավորությունից:

Եվս մեկ մարտահրավեր են ստեղծում տեխնոլոգիաները: Դյուրակիր սարքերն ու քնի հետևման հավելվածները կարող են օգնել բացահայտել հնարավոր խնդիրները և բժիշկներին հնարավորություն են տալիս հեռակա կարգով հետևել բուժառուներին, հատկապես մասնագետների սահմանափակ հասանելիություն ունեցող գյուղական վայրերում:

Սակայն սպառողական գաջեթները միշտ չէ, որ բավականաչափ ճշգրիտ են քնի խանգարումների ախտորոշման համար, իսկ դրանց տվյալները կարող են անհարկի տագնապ առաջացնել: Աշխատանքում նկարագրվում է «օրթոսոմնիայի» երևույթը՝ իդեալական քնի ցուցանիշներին հետամուտ լինող սևեռուն ընթացքը:

Հետազոտողները զգուշացնում են նաև, որ սոցցանցերում հայտնի թրենդները, մասնավորապես՝ «sleepmaxxing»-ը, մարդկանց մղում են խիստ ռեժիմների, չստուգված մեթոդների և չափազանց մեծ ինքնավերահսկողության:

Մինչդեռ առցանց ինֆլուենսերներն ու արհեստական բանականության վրա հիմնված գործիքները առողջության մասին կասկածելի խորհուրդներ են տարածում, ինչի պատճառով մարդկանց համար ավելի ու ավելի դժվար է դառնում գիտականորեն հիմնավորված տվյալները զատել առևտրային գովազդից:



© NEWS.am Medicine