Մարմնական պատիժները երեխաներին դարձնում են տագնապային ու ագրեսիվ․ Parenting Across Cultures

12:17   27 հոկտեմբերի, 2026

Որքան հաճախ են ծնողները երեխաներին ֆիզիկապես պատժում, այնքան ավելի տագնապային ու ագրեսիվ են նրանք մեծանում. սա հաստատված փաստ է ուսումնասիրված բոլոր ինը մշակույթներում։ «Parenting Across Cultures» 15-ամյա նախագծի արդյունքների մասին հրապարակային դասախոսության ժամանակ ներկայացրել է ծրագրի ղեկավար, Ֆիլիպինների Ատենեո դե Մանիլա համալսարանի հոգեբան Լիան Պենյա Ալամպայը։ Նախագծի շրջանակում դիտարկվել է 4,5 հազար ընտանիք (Չինաստանից ու Ֆիլիպիններից մինչև Քենիա, Շվեդիա և ԱՄՆ)։

Այս ողջ ընթացքում երեխաներն ու ծնողները պարբերաբար հարցումների ու թեստավորման են մասնակցել։ Ժամանակի ընթացքում հաճախակի ֆիզիկական պատիժները հանգեցրել են երեխայի տագնապայնության և ագրեսիայի աճի։ Այն երկրներում, որտեղ ծեծը հասարակության կողմից ընդունված է, այդ կապն ավելի թույլ է արտահայտվել, սակայն պատիժները որևէ տեղ օգուտ չեն տվել։ «Ֆիլիպիններում մարմնական պատիժը հաճախ նույնացնում են կարգապահության հետ։ Ես ուզում եմ կոտրել այդ կարծրատիպը. կարգապահությունը կարող է շատ տարբեր լինել։ Երեխաներին պետք է դաստիարակել, բայց ոչ դաժանությամբ ու ցավ պատճառելով»,— պարզաբանել է հոգեբանը։

Հետազոտության արդյունքների մյուս մասը վերաբերում է ծնողական ջերմությանը։ Ընտանիքում մերժողականությունը, սառնությունն ու թշնամանքը երեխաների մոտ հուզական և վարքային խնդիրների նախադրյալներ են ստեղծել, որոնք պահպանվել են վերջիններիս 7-ից մինչև 14 տարեկան հասակում։ Այն երեխաները, որոնք զգացել են, որ իրենց արժևորում ու ընդունում են, ավելի քիչ են հակված եղել ագրեսիայի, հակասոցիալական վարքագծի, դեպրեսիայի ու տագնապի։ Միևնույն ժամանակ, հետազոտողները տարբերակում են ավտորիտար ոճը, որը հիմնված է խստության ու հնազանդության վրա (այն առավել ցայտուն է ֆիլիպինցի ծնողների մոտ), և հեղինակավոր ոճը, որի դեպքում պահանջները զուգորդվում են ջերմությամբ, երկխոսությամբ ու երեխայի կարծիքը հարգելով։

Բացի մարմնական պատիժների համատարած անարդյունավետությունից, պարզվել է նաև, որ տնային գործերում օգնող և քույրերին ու եղբայրներին աջակցող երեխաները մեծանալիս ավելի պատրաստակամ են լինում օգնել ուրիշներին։ Իսկ ֆիլիպինցիների պարագայում երեխաների նման ներգրավվածությունը մեղմել է անգամ ոչ ճիշտ դաստիարակության հետևանքները։

Տեսական գիտելիքներն արդեն կիրառվում են գործնականում. Ֆիլիպիններում գործում է «Masayang Pamilya» («Երջանիկ ընտանիք») ծրագիրը, որը ծնողներին կոնկրետ հմտություններ է սովորեցնում՝ զրույցների պատրաստի սցենարներից մինչև սթրեսի կառավարում։ Ծրագրի փորձարկումն արձանագրել է երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի նվազում, ընդ որում՝ արդյունքը պահպանվել է նաև մեկ տարի անց։ Այժմ այն ներառվում է սոցիալական նպաստառուների համար նախատեսված պարտադիր ընտանեկան հանդիպումներում։

Ուսումնասիրված ինը երկրներից մեկը՝ Շվեդիան, աշխարհում առաջինն է արգելել մարմնական պատիժները դեռևս 1979 թվականին։ Այսօր այդ արգելքը գործում է ավելի քան 60 պետությունում, որոնց շարքում Ռուսաստանը չկա։ Հոգեբանի կարծիքով՝ ամենակարևորը ծնողներին աջակցելն է, ոչ թե դատապարտելը. «Մենք ինքներս մեր պատմության և մեր դաստիարակության արդյունքն ենք. մենք պարզապես այլ մոտեցում չգիտենք»։ Նա հավելել է, որ ծնողները ինքնակամ են սովորում նոր մեթոդներ, հավելելով, որ բավական է միայն ցույց տալ գործնականում արդյունավետ հնարքները։



© NEWS.am Medicine