10:36 28 հոկտեմբերի, 2026Մանոայի Հավայան համալսարանի գիտնականները կապ են հայտնաբերել աղիքային բակտերիաների և ծերացման արագության մոլեկուլային ցուցանիշի միջև։ Միկրոբիոմի հիման վրա ստեղծված մոդելը ստուգիչ ընտրանքում բացատրել է այդ ցուցանիշի արժեքների տարբերության շուրջ 15%-ը: Հետազոտությունը հրապարակվել է «Scientific Reports» ամսագրում։
Հետազոտողները համադրել են 17-ից մինչև 82 տարեկան 123 մասնակցի կղանքի և արյան նմուշները: Բակտերիաների ԴՆԹ-ի միջոցով որոշվել է աղիքային միկրոֆլորայի կազմը, իսկ արյան բջիջների ԴՆԹ-ի մեթիլացման միջոցով՝ ծերացման էպիգենետիկ առանձնահատկությունները։ Ընտրանքը ներառել է նաև բնիկ հավայացիների և խաղաղօվկիանոսյան ժողովուրդների ներկայացուցիչների, որոնք սովորաբար քիչ են ընդգրկվում նմանօրինակ ուսումնասիրություններում:
Հիմնական կապն ի հայտ է եկել «DunedinPACE» ցուցանիշի հետ, որը գնահատում է ոչ թե պարզապես ապրած տարիների քանակը, այլ տարիքային փոփոխությունների տեմպը։ Այդ նպատակով գիտնականները մշակել են «EpiBiome» մեքենայական ուսուցման մոդելներ, որոնք կիրառում են աղիքային բակտերիաների հարաբերական քանակությունը։
Տեսակների մակարդակով մոդելում վարիացիայի բացատրված գործակիցը կազմել է շուրջ 0,15։ Անձնագրային տարիքի գործոնի հավելումը չի բարելավել կանխատեսման ճշգրտությունը։ Ընդ որում, երեք այլ էպիգենետիկ ժամացույցներով ծերացման արագացման մոդելները համոզիչ կանխատեսողական ունակություն չեն դրսևորել։ Ուստի այս արդյունքը վերաբերում է խիստ որոշակի ցուցանիշի և չի նշանակում, թե բակտերիաները պայմանավորում են մարդու ծերացման գործընթացի 15%-ը։
Մոդելի առավել նշանակալի բնութագրիչներից էր «Bifidobacterium adolescentis» բակտերիան, որը փոխկապակցվել է ծերացման առավել դանդաղ տեմպի հետ։ Ի հակադրություն սրա՝ «Succinivibrio dextrinosolvens»-ն ասոցացվել է արագացված ծերացման հետ։ Սակայն նման վիճակագրական կապերն առանձին տեսակները չեն վերածում «երիտասարդության» կամ «ծերության» համապարփակ ցուցիչների։
Հեղինակներն ընդգծում են, որ ուսումնասիրությունը կրում է նախնական բնույթ. ընտրանքը փոքր է, իսկ անկախ խմբի վրա արտաքին ստուգում անցկացնելու կարիք դեռևս կա։ Տվյալները հավաքագրվել են մեկ կոնկրետ ժամանակահատվածում և թույլ չեն տալիս հստակեցնել՝ բակտերիաներն անմիջապես ազդո՞ւմ են ծերացման գործընթացի վրա, թե՞ պարզապես արտացոլում են սննդակարգի, նյութափոխանակության ու առողջական վիճակի առանձնահատկությունները։ Ծերացումը դանդաղեցնելու նպատակով միկրոբիոմի փոփոխման արդյունավետությունը դեռ պետք է ստուգվի առանձին: