Իտալիայում նոր «կապույտ գոտի» են հայտնաբերել, որտեղ կանանց մեծ մասն ապրում է մինչև 100 տարի

08:32   29 հոկտեմբերի, 2026

Սարդինայի կենտրոնական հատվածում գտնվող փոքրիկ Բոլոտանա գյուղը կարող է նոր «կապույտ գոտի» դառնալ (անսովոր բարձր կյանքի տևողությամբ տարածաշրջան)։ Frontiers in Aging ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ 2021-2025 թվականներին այստեղ կանայք ցուցաբերել են ծերության շրջանում կենսունակության առավել բարձր ցուցանիշներ. 70-ից մինչև 100 տարի ապրելու հաշվարկային հավանականությունն ավելի քան երեք անգամ գերազանցել է Իտալիայի միջին ցուցանիշը։

Հետազոտողներն ուսումնասիրել են Բոլոտանայի ժողովրդագրական տվյալները, որտեղ դիտարկվող ժամանակահատվածում ապրել է միջինը 2266 մարդ։ Երկարակյացների վերաբերյալ տեղեկությունների հավաստիությունը ստուգելու նպատակով գիտնականները քաղաքացիական ռեեստրների գրառումները համեմատել են մկրտությունների ու թաղումների եկեղեցական արխիվային մատյանների հետ։ Նրանք նաև վերլուծել են 70 տարեկանից բարձր բնակիչների շրջանում մահացության տվյալները և արդյունքները համեմատել Նուորո նահանգի, ընդհանուր Սարդինիայի և Իտալիայի ցուցանիշների հետ։

Հաշվարկները ցույց են տվել, որ 70 տարեկանում Բոլոտանայի կանանց կյանքի ակնկալվող մնացյալ տևողությունը կազմել է 20,85 տարի։ Համեմատության համար նշենք, որ Նուորո նահանգում այդ ցուցանիշը կազմել է 18,61, Սարդինիայում՝ 18,40, իսկ երկրի կտրվածքով՝ 18,06 տարի։

Տարբերություններն էլ ավելի նկատելի են եղել 70-ից 100 տարեկան ապրելու հավանականությունը գնահատելիս։ Բոլոտանայի կանանց համար այն կազմել է 13,83%, մինչդեռ Նուորո նահանգի համար՝ 4,33%, Սարդինիայի համար՝ 4,43%, իսկ ամբողջ Իտալիայի համար՝ 3,54%։ Այս թվերն արտացոլում են համապատասխան ժամանակահատվածում դիտված մահացության դեպքում հաշվարկային ցուցանիշները, այլ ոչ թե կանանց մեկ խմբի երկարամյա դիտարկման արդյունքները։

Տղամարդկանց մոտ առավելությունը պակաս ընդգծված է եղել։ 70-ից հետո կյանքի սպասվող տևողությունը կազմել է 16,02 տարի, իսկ մինչև 100 տարի ապրելու հավանականությունը գնահատվել է 4,92%։ Սակայն հեղինակները նշում են այս հաշվարկների զգալի անորոշության մասին։

Պատմական տվյալները ևս վկայում են Բոլոտանայում երկարակեցության բարձր հաճախականության մասին։ 1900-1925 թվականներին այստեղ ծնված 3060 մարդկանց շրջանում հետազոտողները հայտնաբերել են 38 երկարակյացի, որոնք հասել են 100 տարեկանի։ Ծայրահեղ երկարակեցության ինդեքսը 100 հազար ծնունդի հաշվով կազմել է 1242 երկարակյաց՝ Իտալիայի միջին 793-ի դիմաց։ Ընդ որում, որոշ բնակիչների, ովքեր հետագայում արտագաղթել են գյուղից, հնարավոր չի եղել գտնել:

Սակայն հետազոտողները նախազգուշացնում են, որ արդյունքները կախված են ընտրված ժամանակահատվածից։ 2015-2019 թվականների տվյալները վերլուծելիս՝ 70-ից մինչև 100 տարեկան ապրելու հաշվարկային հավանականությունը կանանց համար կազմել է ընդամենը 1,46%, իսկ տղամարդկանց համար՝ 0,77%։ Հետևաբար, վերջին տարիների անսովոր բարձր ցուցանիշները կարող են պայմանավորված լինել ոչ միայն բնակչության կայուն առանձնահատկություններով, այլև մահացության ժամանակավոր տատանումներով։

Գիտնականները դեռևս չեն կարողանում բացատրել բացահայտված օրինաչափությունը գենետիկայով, սննդակարգով, ապրելակերպով կամ սոցիալական կապերով։ Բնակչության փոքրաթիվ լինելը ևս սահմանափակում է գնահատականների ճշգրտությունը։ Այդ պատճառով Բոլոտանան դիտարկվում է որպես «կապույտ գոտիների» խոստումնալից թեկնածու, սակայն դրա կարգավիճակը հաստատելու համար կպահանջվեն ավելի երկարատև դիտարկումներ և լրացուցիչ հետազոտություններ։



© NEWS.am Medicine