Ձավարեղենի և հացահատիկի ածխաջրերը թոքերի քաղցկեղի վտանգը նվազեցնում են 19%-ով․ Frontiers

16:49   29 հոկտեմբերի, 2026

Ավելի շատ բջջանյութ և ամբողջահատիկ մթերքներ օգտագործող մարդկանց մոտ թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկը նվազում է 19%-ով, իսկ այդ հիվանդությունից մահանալու հավանականությունը՝ 15%-ով։ Նման եզրահանգման են եկել Չինաստանի Չունցինի բժշկական համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Nutrition ամսագրում։

Հետազոտողները վերլուծել են 100 735 մարդու տվյալներ։ Սննդակարգում ածխաջրերի որակը գնահատվել է մի քանի ցուցանիշով՝ բջջանյութի պարունակությամբ, ամբողջահատիկ մթերքների մասնաբաժնով, սննդի գլիկեմիկ ինդեքսով, ինչպես նաև ածխաջրերի պինդ և հեղուկ աղբյուրների հարաբերակցությամբ։

Մոտ ինը տարի տևած դիտարկումների ընթացքում թոքերի քաղցկեղ է ախտորոշվել 1694 մասնակցի մոտ։ Համեմատությունը ցույց է տվել, որ ածխաջրերի որակի ամենաբարձր ցուցանիշներ ունեցող անձանց շրջանում հիվանդության զարգացման ռիսկը 19%-ով ավելի ցածր է եղել, քան ամենացածր ցուցանիշներ ունեցողների մոտ։ Առաջին խմբում թոքերի քաղցկեղից մահանալու հավանականությունը ևս ցածր է եղել 15%-ով։

Հեղինակները ենթադրում են, որ նշանակություն կարող է ունենալ ոչ միայն սննդակարգում ածխաջրերի քանակը, այլև դրանց աղբյուրը. չիպսերը, գործարանային արտադրության քաղցրավենիքն ու գազավորված ըմպելիքները կապվում են շաքարային դիաբետի, ճարպակալման և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի հետ։

Բջջանյութով և ամբողջահատիկներով հարուստ մթերքները, ընդհակառակը, կարող են դրական ազդել նյութափոխանակության վրա և մեղմել բորբոքային գործընթացներն օրգանիզմում։ Այնուամենայնիվ, հետազոտությունը չի ապացուցում, որ հենց սննդակարգի այս առանձնահատկություններն են ապահովում ռիսկի նվազումը։

Սակայն երբ գիտնականներն ավելի հանգամանորեն հաշվի են առել ծխելու գործոնը (թոքերի քաղցկեղի գլխավոր պատճառներից մեկը), բացահայտված կապն արդեն պակաս համոզիչ է թվացել։ Հետևաբար, ստացված արդյունքները պետք է ընկալել լոկ որպես վիճակագրական օրինաչափություն, այլ ոչ թե մթերքների պաշտպանիչ ազդեցություն մասին ապացույց։



© NEWS.am Medicine