Հայաստանի իշխանություններն առաջարկում են կրճատել դեղերի պարզեցված գրանցման համար պահանջվող փաստաթղթերի ցանկն ու գրանցման ժամկետները։
Հոկտեմբերի 29-ի նիստում Կառավարությունը հավանություն է տվել «Դեղերի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծին։
Նոր կարգավորմամբ առաջարկվում է դեղերի գրանցման ժամկետը ներկայիս 31 օրացուցային օրվա փոխարեն սահմանել 10 օր։ Բացի այդ, անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթից կհանվեն դեղի ամբողջական դոսյեն (CTD ձևաչափով) և ռեֆերենտ երկրում դեղի գրանցման նպատակով կազմված գնահատման եզրակացությունը։
Նախագծով նախատեսվում է նաև օրենքով կամ միջազգային պայմանագրերով (օրինակ՝ ԵՄ և ԵԱՏՄ շրջանակներում) սահմանված պայմաններով ներդնել երկու կամ ավելի կարգավորող մարմինների որոշումների երկկողմ կամ բազմակողմ ճանաչման մեխանիզմ։
Միաժամանակ ընդգծվում է, որ պարզեցված ճանաչման ընթացակարգով դեղերի գրանցումը որևէ կերպ չպետք է հանգեցնի Հայաստանում շրջանառվող դեղամիջոցների անվտանգության, որակի և արդյունավետության նկատմամբ պետական վերահսկողության թուլացմանը։