20:36 31 հոկտեմբերի, 2026Անհատականացված երաժշտությունը ռիթմիկ ձայնային խթանման հետ միասին 24 րոպե լսելը սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը նվազեցրել է վարդագույն աղմուկից ավելի քան երկու անգամ: Մասնակիցները նաև հայտնել են ինքնազգացողության համեմատական բարելավումների մասին ձայնային խթանման երկու տեսակներից հետո: Այսպիսի եզրահանգման են եկել Տորոնտոյի Մետրոպոլիտեն համալսարանի (TMU) հետազոտողները:
«Տագնապայնության նկատմամբ սուբյեկտիվ և հոգեֆիզիոլոգիական արձագանքների տարբերությունները» վերնագրով հետազոտրությունը հրապարակվել է International Journal of Psychophysiology ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է 83 ուսանող, որոնք հայտնել են ընդհանրացված տագնապայնության վերջերս ունեցած առնվազն մեկ ախտանիշի մասին: Մասնակիցները պատահականորեն բաժանվել են երկու խմբի: Առաջին խումբը 24 րոպե լսել է երաժշտություն, որը հարմարեցվել է յուրաքանչյուր մասնակցի նախնական տրամադրությանը և աստիճանաբար փոխվել՝ ավելի հանգիստ և ավելի դրական հուզական վիճակ խթանելու համար: Երաժշտությունը համակցվել է լսողական ռիթմի խթանման՝ auditory beat stimulation-ի (ABS) հետ:
Երկրորդ խումբը լսել է վարդագույն աղմուկ՝ հավասարաչափ ձայն, որը հաճախ օգտագործվում էր հանգստանալու և կենտրոնանալու համար: Այդ ձայնի ուժգնությունը համապատասխանել է առաջին խմբում հնչող երաժշտության ձայնին։
Լսելուց առաջ և հետո հետազոտողները չափել են կորտիզոլի մակարդակը, ուղեղի ակտիվությունը և սրտի բաբախյունի փոփոխականությունը, ինչպես նաև գնահատել մասնակիցների անհանգստությունն ու տրամադրությունը։
Ձայնի ազդեցության երկու տեսակներն էլ կապված էին սուբյեկտիվ անհանգստության նվազման և տրամադրության բարելավման հետ: Սակայն ֆիզիոլոգիական չափանիշները տարբերվում էին: Լսելուց տասնհինգ րոպե անց անհատականացված երաժշտական խմբում կորտիզոլի մակարդակի նվազումն ավելի քան երկու անգամ ավելի արտահայտված է եղել, քան վարդագույն աղմուկի խմբում: Երաժշտություն լսելուց հետո հուզական կարգավորման հետ կապված ուղեղի ակտիվությունը փոքր-ինչ աճել է, մինչդեռ վարդագույն աղմուկ լսելուց հետո նվազել է: Սրտի բաբախյունի փոփոխականության փոփոխությունները համեմատելի են եղել երկու խմբերում էլ:
Հետազոտողների կարծիքով՝ արդյունքները ցույց են տալիս, որ սուբյեկտիվ զգացողությունները և ֆիզիոլոգիական արձագանքները կարող են տարբեր կերպ արտացոլել ձայնային միջամտությունների ազդեցությունը: Հետևաբար, սթրեսի կառավարման մեթոդները գնահատելիս կարևոր է հաշվի առնել ոչ միայն այն, թե որքանով է մարդն իրեն ավելի հանգիստ զգում, այլև կենսաբանական ցուցանիշների փոփոխությունները: