22:48 1 նոյեմբերի, 2026Գիտնականների միջազգային խումբը բացահայտել է Ալցհեյմերի հիվանդության առաջացման ռիսկի հետ կապված ԴՆԹ-ի 127 հատվածներ, որոնցից 48-ը նախկինում հայտնաբերված չէին այս համատեքստում: Հիվանդության մինչ օրս ամենամեծ գենետիկական ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում և կարող են օգնել բուժման մեթոդների մշակման նոր ուղիների որոնմանը:
Հետազոտողները՝ Օսլոյի համալսարանի և Օսլոյի համալսարանական հիվանդանոցի մասնագետների գլխավորությամբ, վերլուծել են մոտավորապես 2.8 միլիոն մարդու գենետիկական տվյալներ, այդ թվում՝ Ալցհեյմերի հիվանդությամբ 183 620 պացիենտների: Հետազոտությանը մասնակցել է 30 հետազոտական խումբ:
Արդյունքները հաստատել են միկրոգլիայի՝ ուղեղի իմունային բջիջների կարևոր դերը, որոնք հեռացնում են վնասված բջջային կառուցվածքները և պոտենցիալ վնասակար նյութերը: Գիտնականները նաև հայտնաբերել են գենետիկ կապեր ամիլոիդի՝ Ալցհեյմերի հիվանդության ժամանակ ուղեղում կուտակվող սպիտակուցի մշակման և նյարդային բջիջների վերականգնման միջև: Բացի այդ, հետազոտությունը մատնանշել է որոշակի տեսակի նեյրոնների և աստրոցիտների հնարավոր ներգրավվածությունը, որոնք աջակցում են նյարդային հյուսվածքի գործառույթին:
Հեղինակները նաև վերանայել են մարցկանց միջև հիվանդության ռիսկի տարբերությունների վրա ընդհանուր գենետիկական տարբերակների ներդրման իրենց գնահատականը: Նրանց հաշվարկների համաձայն՝ նման տարբերակները բացատրում են ռիսկի տատանման մոտավորապես 16 տոկոսը՝ գրեթե երեք անգամ ավելի, քան նախորդ գնահատականները: Սա չի նշանակում, թե գեներն են որոշում տվյալ անհատի հիվանդության հավանականության 16 տոկոսը. տարիքը, շրջակա միջավայրը և այլ գործոններ նույնպես ազդում են ռիսկի վրա։
Գիտնականները հույս ունեն օգտագործել ստացված տվյալները հիվանդության զարգացման մեխանիզմների հետագա ուսումնասիրման և նոր դեղամիջոցների պոտենցիալ թիրախների բացահայտման համար: Սակայն հայտնաբերված գենետիկական կապերն ինքնին չեն ապացուցում, որ համապատասխան գեների կամ գործընթացների թիրախավորումը թույլ կտա անվտանգ և արդյունավետ բուժել հիվանդությունը: