Սննդակարգի և ֆիզիկական ծանրաբեռնվածության ծրագիրը պացիենտների 54 տոկոսի շրջանում հանգեցրել է դիաբետի ռեմիսիայի․ LRH Americas

15:53   2 նոյեմբերի, 2026

Ցածր կալորիականությամբ սննդակարգի և ֆիզիկական վարժությունների ծրագիրն օգնել է երիտասարդ մասնակիցների 54 տոկոսին 24 շաբաթվա ընթացքում հասնել երկրորդ տիպի շաքարային դիաբետի ռեմիսիայի։ Սովորական բուժում ստացող խմբում այս ցուցանիշը կազմել է շուրջ 4 տոկոս։ RESET for Remission հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet Regional Health — Americas ամսագրում։

Մեծ Բրիտանիայում և Կանադայում անցկացված ռանդոմիզացված փորձարկմանը մասնակցել է ինսուլին չընդունող, երկրորդ տիպի դիաբետ և ճարպակալում ունեցող 18-ից 45 տարեկան 96 մարդ։ Մասնակիցների միջին տարիքը 38 էր։ Հիսուն հոգի ընդգրկվել է ինտենսիվ ծրագրում, իսկ մնացած 46-ը շարունակել է ստանդարտ բուժումը։

Առաջին 12 շաբաթվա ընթացքում ծրագիրը նախատեսում էր օրական 800–900 կիլոկալորիա պարունակող սննդակարգ, ինչպես նաև համակարգված աերոբիկ և ուժային պարապմունքներ։ Շաբաթական երկու մարզումն անցկացվում էր մասնագետների հսկողությամբ, ևս մեկը մասնակիցներն անում էին ինքնուրույն։ Դրան հաջորդել է նվազած քաշի պահպանման և ինքնուրույն ֆիզիկական ակտիվության 12-շաբաթյա փուլը։

Ռեմիսիա է համարվել գլիկացված հեմոգլոբինի (HbA1c) 6,5 տոկոսից ցածր մակարդակը՝ առնվազն 12 շաբաթ շաքարն իջեցնող դեղորայք չընդունելու դեպքում։ Դիտարկման ավարտին այս արդյունքին է հասել ծրագրի 50 մասնակցից 27-ը, իսկ ստուգիչ խմբում՝ 46-ից 2-ը։ Վերջնական տվյալների բացակայության դեպքում մասնակիցը համարվել է ռեմիսիայի չհասած։

Ինտենսիվ ծրագրի մասնակիցները նաև ավելի շատ քաշ են կորցրել. վերջնական կշռում անցածների շրջանում քաշի միջին նվազումը կազմել է մոտ 8,4 կգ՝ համեմատվող խմբի 1,2 կգ-ի դիմաց։



© NEWS.am Medicine