Նյու Յորք նահանգում վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ երեխա է մահացել կարմրուկից

20:32   3 նոյեմբերի, 2026

Նյու Յորք նահանգում կարմրուկով վարակվելուց հետո երեխա է մահացել. դա վերջին երեք տասնամյակի ընթացքում նահանգում գրանցված առաջին մահն է այս հիվանդությունից: Ողբերգության մասին նոյեմբերի 2-ին հայտնել է Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոկուլը:

«Ափսոսանքով տեղեկացա, որ Լյուիս շրջանից մի երեխա է մահացել կարմրուկից,- գրել է նա X-ում:- Սա Նյու Յորքում կարմրուկից վերջին 30 տարվա ընթացքում առաջին մահն է, որը ծառայում է որպես ողբերգական հիշեցում այն մասին, թե ինչն է դրված խաղադրույքին, երբ Վաշինգտոնի իշխանությունները միտումնավոր զրոյացնում են ձեռքբերումները ամերիկացիներին կանխարգելվող հիվանդություններից պաշտպանելու ոլորտում»:

Ինչպես վկայում են ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալները, ԱՄՆ-ում կարմրուկի հաստատված դեպքերի թիվը 2026 թվականին հասել է 4852-ի՝ ըստ հոկտեմբերի 29-ի դրությամբ առկա տեղեկությունների: 2026 թվականի ոչ լրիվ տարվա ցուցանիշն արդեն զգալիորեն գերազանցել է ամբողջ 2025 թվականի արդյունքները, երբ երկրում գրանցվել էր կարմրուկի 2289 դեպք: 2024 թվականին ՀՎԿԿ-ն հաստատել էր 285 դեպք, 2023 թվականին՝ 59: Վերջին անգամ ավելի բարձր ցուցանիշ գրանցվել էր 1991 թվականին՝ 9643 դեպք:



© NEWS.am Medicine