Հղիությունից առաջ առկա հիպերտոնիան 30%-ով մեծացնում է երեխայի մոտ սրտի արատների ռիսկը․ AHA

16:36   3 նոյեմբերի, 2026

Կանանց քրոնիկ հիպերտոնիան կապված է սրտի ծանր բնածին արատով երեխա ունենալու ռիսկի 30%, իսկ առաջին կամ երկրորդ տիպի շաքարային դիաբետը՝ 48% բարձրացման հետ։ Այս եզրակացության են եկել ԱՄՆ-ի Լահիի բժշկական կենտրոնի գիտնականները։ Նախնական հետազոտության արդյունքները ներկայացվել են Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի (AHA) գիտական նստաշրջանում։

Գիտնականները վերլուծել են ԱՄՆ-ում 2018–2024 թվականներին գրանցված ավելի քան 44 միլիոն կենդանածնության տվյալներ։ Այս ժամանակահատվածում շուրջ 28 հազար երեխայի մոտ ախտորոշվել են սրտի կրիտիկական բնածին արատներ՝ ծանր խանգարումներ, որոնց դեպքում կյանքի առաջին տարում սովորաբար պահանջվում է վիրահատություն կամ կաթետերային միջամտություն։

Արյան բարձր ճնշմամբ ուղեկցվող ուսումնասիրված վիճակներից նման արատների ռիսկի հետ առավել ուժեղ կապ է ունեցել քրոնիկ հիպերտոնիան՝ բարձր ճնշումը, որն առկա է եղել մինչև հղիությունը կամ ախտորոշվել է հղիության առաջին 20 շաբաթվա ընթացքում։ Քրոնիկ հիպերտոնիա ունեցող կանանց մոտ սրտի կրիտիկական բնածին արատով երեխա ունենալու ռիսկը 30%-ով բարձր է եղել, քան հիպերտոնիա չունեցող կանանց մոտ։ Հղիության հիպերտոնիայի դեպքում, որը զարգանում է 20-րդ շաբաթից հետո, ռիսկը բարձր է եղել 8%-ով։ Էկլամպսիայի և սրտի բնածին արատների միջև վիճակագրորեն նշանակալի կապ չի հայտնաբերվել։

Հեղինակները նաև պարզել են, որ մինչև հղիությունը ախտորոշված առաջին կամ երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունեցող կանանց մոտ սրտի կրիտիկական բնածին արատով երեխա ունենալու ռիսկը 48%-ով բարձր է եղել։

Հետազոտողներն ընդգծում են, որ աշխատանքը բացահայտում է կապ, սակայն չի ապացուցում, որ հիպերտոնիան կամ դիաբետն ուղղակիորեն առաջացնում են սրտի բնածին արատներ։ Արդյունքների վրա կարող էին ազդել նաև այլ գործոններ, որոնք չի հաջողվել հաշվի առնել, այդ թվում՝ գենետիկական առանձնահատկությունները և մոր ստացած բուժումը։

Այնուամենայնիվ, տվյալներն ընդգծում են քրոնիկ հիվանդությունները դեռևս հղիության պլանավորման փուլում վերահսկելու կարևորությունը։ Հեղինակների կարծիքով՝ հետագա հետազոտությունները պետք է պարզեն, թե կենսաբանական ինչ մեխանիզմներով կարող է բացատրվել հայտնաբերված կապը, և արդյոք ռիսկի վրա ազդում են հիպերտոնիայի ծանրությունը, դրա առաջացման ժամանակն ու բուժումը։



© NEWS.am Medicine