13:59 3 նոյեմբերի, 2026Վերջին շրջանում Հայաստանում բավականին մեծ տարածում է գտել այն թյուրընկալումը, թե գոյություն ունի հատուկ «դիաբետի» կամ «ենթատամոքսային գեղձի» վիրահատություն, որը վերջնականորեն բուժում է դիաբետը։
«Շենգավիթ» ԲԿ գլխավոր բժիշկ, Երևան քաղաքի գլխավոր վիրաբույժ և ԵՊԲՀ ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնի վարիչ, բուժծառայության փոխգնդապետ, բ.գ.դ Սևակ Շահբազյանի խոսքով՝ հասարակության շրջանում ձևավորված այս թյուրըմբռնումը հարևան երկրներից մեկի ագրեսիվ մարկետինգային արշավի հետևանք է, որտեղ աշխարհում վաղուց հայտնի մեթոդները գովազդվում են որպես դիաբետի բուժման յուրահատուկ նորույթ։ Մինչդեռ խոսքը բարիատրիկ վիրաբուժության մասին է։
Ինչպե՞ս են ազդում բարիատրիկ վիրահատությունները դիաբետի վրա
Ստամոքսի շունտավորում. ստամոքսը փոքրացնելուց հետո աղիների որոշակի հատված (2-2.5 մետր) դուրս է մնում մարսողական համակարգից։ Արդյունքում սնունդն այդ հատվածով չի անցնում, ենթաստամոքսային գեղձում ինսուլինի արտադրության ծանրաբեռնվածությունը պակասում է, և տեղի է ունենում դիաբետի ռեմիսիա։
Ստամոքսի մասնահատում (սլիվ գաստրէկտոմիա). սահմանափակվում է ընդունվող սննդի ծավալը, ինչի շնորհիվ նվազում է ենթաստամոքսային գեղձի լարվածությունը, ֆերմենտների ու ինսուլինի արտադրության պահանջը, և արյան մեջ շաքարի թվերը նվազում են։
Բժիշկն ընդգծում է, որ այս միջամտությունները դրական ազդեցություն են ունենում միայն 2-րդ տիպի և ոչ խորացած դիաբետի դեպքում (երբ հիվանդության պատմությունը չի գերազանցում 10 տարին)։
Հետևաբար, քաշի նվազեցման վիրահատությունները որպես «դիաբետի» կամ առավել ևս «ենթաստամոքսային գեղձի» վիրահատություն դիրքավորելը բժշկորեն սխալ է։ Բացի այդ, նման բուժման համար արտերկիր մեկնելու կարիք չկա, քանի որ այդ վիրահատությունները վաղուց և հաջողությամբ իրականացվում են Հայաստանում, այդ թվում՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում։