Չափից շատ մարզվելը կարող է վնասել գլխուղեղին. գիտնականները բացահայտել են գերծանրաբեռնվածության անսպասելի հետևանքները

08:31   4 նոյեմբերի, 2026

Չափազանց մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է ազդել ոչ միայն մկանների, այլև գլխուղեղում ընթացող քիմիական գործընթացների վրա։ Նման եզրահանգման են եկել բրազիլացի հետազոտողները՝ պարզելով, որ առանց բավարար հանգստի ինտենսիվ մարզումները խաթարում են դոֆամինի՝ մոտիվացիայի և առույգության համար պատասխանատու նեյրոմեդիատորի կարգավորումը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neuroscience ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են մկներին՝ նրանց բաժանելով երկու խմբի։ Կենդանիների մի մասը վազքուղու վրա վազել է մինչև վերջնական ուժասպառ լինելը, իսկ մյուսները ութ շաբաթ շարունակ անցել են ինտենսիվ մարզումների ծրագիր, որը նմանակել է գերմարզվածության համախտանիշ ունեցող պրոֆեսիոնալ մարզիկների ռեժիմը։ Գիտափորձի ավարտին մկները մարզվում էին օրական երկու անգամ, իսկ պարապմունքների միջև ընդմիջումն ընդամենը չորս ժամ էր։

Հետազոտողները պարզել են, որ երկրորդ խմբի կենդանիների մոտ դոֆամինի մակարդակը հիպոկամպում (գլխուղեղի հատված, որը մասնակցում է հիշողության ձևավորմանն ու հույզերի կարգավորմանը) մնում էր բարձր անգամ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից 48 ժամ անց։ Միաժամանակ, աճել էր այս նեյրոմեդիատորի արտադրության համար պատասխանատու ֆերմենտի մակարդակը։ Ընդ որում, սերոտոնինի մակարդակի էական փոփոխություններ չեն արձանագրվել։

Ըստ հեղինակների՝ մարդկանց մոտ նման խանգարումները կարող են կապված լինել տագնապայնության, անքնության և քրոնիկ հոգնածության հետ, որոնք հաճախ ուղեկցում են չափազանց ինտենսիվ մարզումներին։ Սակայն սա առայժմ միայն ենթադրություն է. հետազոտությունն անցկացվել է մկների վրա, և գիտնականներն անմիջականորեն չեն ստուգել դոֆամինի փոփոխությունների ազդեցությունը մարդկանց քնի և հուզական վիճակի վրա։

Հեղինակները շեշտում են, որ ֆիզիկական ակտիվությունն օգտակար է օրգանիզմի համար, սակայն առանց բավարար վերականգնման՝ ինտենսիվ պարապմունքները կարող են հակառակ արդյունքի հանգեցնել՝ ինքնազգացողության վատթարացման և մարզական ցուցանիշների անկման։


© NEWS.am Medicine