Թաքցված քաղցրավենիքն էլ ավելի բաղձալի է դառնում. ինչպես են ծնողների արգելքներն ազդում երեխաների սննդային սովորությունների վրա

12:34   4 նոյեմբերի, 2026

Քաղցրավենիքի խիստ արգելքը կարող է հանգեցնել նրան, որ երեխաներն սկսեն մեծ քանակությամբ կոնֆետ և այլ քաղցրավենիք ուտել, երբ դրանք հասանելի են դառնում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մշտական սահմանափակումները մեծացնում են երեխայի հետաքրքրությունն արգելված մթերքների նկատմամբ և խանգարում նրան սովորելու ինքնուրույն ճանաչել քաղցի ու հագեցածության զգացումը, գրում է The Conversation պարբերականը։

Երբ ծնողները որոշ մթերքներ անվանում են «լավ», իսկ մյուսները՝ «վատ», երեխաների մոտ կարող է այս կամ այն սննդի հանդեպ մեղքի կամ ամոթի զգացում ձևավորվել։ Իսկ եթե քաղցրավենիքն անընդհատ թաքցնում են և թույլատրում միայն հատուկ առիթներով, երեխան կարող է այն ընկալել որպես առանձնահատուկ բաղձալի մի բան և փորձել հնարավորինս շատ ուտել առաջին իսկ հնարավորության դեպքում։

Մասնագետները խորհուրդ են տալիս սնունդը չբաժանել արգելվածի և թույլատրվածի, ինչպես նաև քաղցրավենիքը չվերածել լավ վարքի դիմաց տրվող պարգևի։

Փոխարենը հարկավոր է երեխաներին բացատրել, որ տարբեր մթերքներ տարբեր կերպ են ազդում օրգանիզմի վրա, և օգնել նրանց առաջնորդվելու քաղցի ու հագեցածության սեփական զգացողություններով։

Էլլին Սաթերի ինստիտուտի մշակած մոտեցումներից մեկը ենթադրում է պատասխանատվության բաշխում. ծնողները որոշում են, թե երբ և ինչ սնունդ առաջարկել, իսկ երեխան ինքնուրույն է ընտրում, թե առաջարկվածից ինչ և որքան ուտի։

Սննդաբանները նաև խորհուրդ են տալիս երեխաներին ներգրավել ճաշացանկի կազմման ու գնումների գործընթացում, չմեկնաբանել և չգնահատել նրանց սննդային ընտրությունը։

Ըստ նյութի հեղինակի՝ ողջամիտ սահմաններում քաղցրավենիքի ազատ և հանգիստ հասանելիությունը ժամանակի ընթացքում օգնում է նվազեցնել դրա գրավչությունն ու սննդի հետ ավելի առողջ հարաբերություններ ձևավորել։


© NEWS.am Medicine