Մինչև 2050 թվականը անորեքսիայով և բուլիմիայով տառապող մարդկանց թիվը կարող է հասնել 21,8 միլիոնի

10:42   5 նոյեմբերի, 2026

1990-ից 2023 թվականներն ընկած ժամանակահատվածում անորեքսիայով և բուլիմիայով տառապող մարդկանց թիվն ամբողջ աշխարհում աճել է 71 տոկոսով՝ հասնելով մոտ 18,1 միլիոնի։ 2050 թվականին այդ ցուցանիշը կարող է հասնել մինչև 21,8 միլիոնի։ Նման գնահատականներ են ներկայացված JAMA Psychiatry ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։

Հեղինակները Global Burden of Disease միջազգային նախագծի շրջանակում վերլուծել են 204 երկրի և տարածքի տվյալներ։ Հետազոտությունն ընդգրկել է սննդային վարքագծի խանգարումների տարածվածությունը, տարիքային և գենդերային խմբերի միջև առկա տարբերությունները, ինչպես նաև դրանց ազդեցությունը բնակչության առողջության վրա։

2023 թվականին բուլիմիայով տառապել է շուրջ 14,2 մլն, իսկ անորեքսիայով՝ 3,92 մլն մարդ։ Բոլոր դեպքերի 69 տոկոսը բաժին է ընկել կանանց, 31-ը՝ տղամարդկանց։ Անորեքսիան առավել հաճախ հանդիպել է 15-19 տարեկան դեռահասների շրջանում, մինչդեռ բուլիմիան առավելապես տարածված է եղել 30 և ավելի բարձր տարիքի անձանց շրջանում։

Տարածվածության առավել բարձր ցուցանիշներ են գրանցվել հարուստ երկրներում և տարածաշրջաններում, հատկապես՝ Ավստրալազիայում և Արևմտյան Եվրոպայում։ Ընդ որում, 1990 թվականից ի վեր այս խանգարումների տարածվածությունն ամենաշատն աճել է Արևելյան Ասիայում՝ 61,5 տոկոսով, և Հարավային Ասիայում՝ 48,5 տոկոսով։

Անորեքսիան բնութագրվում է քաշ հավաքելու ուժգին վախով և սննդի խիստ սահմանափակմամբ, ինչը կարող է հանգեցնել վտանգավոր հյուծվածության։ Բուլիմիայի դեպքում շատակերության դրվագներին հաջորդում են կերածը «փոխհատուցելու» փորձերը, օրինակ՝ արհեստականորեն փսխում առաջացնելով կամ լուծողականներ օգտագործելով։ Երկու խանգարումներն էլ կարող են լուրջ վնաս հասցնել ֆիզիկական և հոգեկան առողջությանը։

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ սննդային վարքագծի խանգարումները չի կարելի համարել պարզապես կենսակերպի առանձնահատկություն։ Դրանք պահանջում են ժամանակին ախտորոշում և բուժում։ Ընդ որում, նման խանգարումներով մարդկանց իրական թիվը կարող է գերազանցել պաշտոնական գնահատականները, քանի որ հիվանդությունը հաճախ չի բացահայտվում, այդ թվում՝ տղամարդկանց շրջանում։

Սոցիալական ցանցերում ծայրահեղ նիհարությունն ու սննդի խիստ սահմանափակումները քարոզող տրենդերի տարածման ֆոնին՝ մասնագետները նաև մտահոգություն են հայտնում երկրորդ տիպի շաքարային դիաբետի և ճարպակալման բուժման համար նախատեսված GLP-1 դեղամիջոցների ոչ ճիշտ կիրառման առնչությամբ։ Սակայն հետազոտությունը չի գնահատել այս տրենդերի կամ դեղամիջոցների ազդեցությունը սննդային վարքագծի խանգարումների դեպքերի աճի վրա։


© NEWS.am Medicine