Ոչ միայն քնի տևողությունը. քնելու ժամը կարող է ազդել քաշի վրա

12:29   5 նոյեմբերի, 2026

Նախադիաբետ ունեցող այն անձինք, որոնք ավելի վաղ են պառկել քնելու, ութ շաբաթվա ընթացքում ավելի շատ քաշ են կորցրել՝ անկախ քնի տևողությունից։ Նման եզրահանգման են եկել Նյու Յորքի համալսարանի Ռորի Մեյերսի անվան Քույրական գործի քոլեջի հետազոտողները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nursing Research ամսագրում։

Ռանդոմիզացված վերահսկվող հետազոտությանը մասնակցել է 21-ից 64 տարեկան 196 մարդ, որոնք օրական քնել են 6,5 ժամից պակաս։ Բոլոր մասնակիցներն ընդգրկվել են դիաբետի կանխարգելման ութշաբաթյա ծրագրում, որն ուղղված էր սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և սթրեսի կառավարման բարելավմանը։ Նրանց կեսը լրացուցիչ խորհրդատվություն է ստացել քնի բարելավման վերաբերյալ. մասնակիցներին օգնել են աստիճանաբար ավելի վաղ տեղափոխել քնելու ժամը։

Երկու խմբերում էլ բարելավվել են քնի ցուցանիշներն ու նվազել է քաշը, սակայն լրացուցիչ խորհրդատվություն ստացած մասնակիցների շրջանում ավելի նկատելիորեն բարելավվել է քնի սուբյեկտիվ որակն ու նվազել ցերեկային քնկոտությունը։

Վերլուծելով բոլոր մասնակիցների տվյալները՝ հետազոտողները կապ են հայտնաբերել քնելու ժամի և քաշի նվազման միջև։ Պարզվել է, որ յուրաքանչյուր մեկ ժամ շուտ քնելը կապված է ութ շաբաթվա ընթացքում մոտ 0,6 կգ քաշի կորստի հետ։ Ընդ որում՝ խոսքը վիճակագրական կապի մասին է. հետազոտությունը չի ապացուցում, որ քնելու ժամի տեղափոխումն ինքնին հանգեցնում է քաշի նվազման։

Չնայած քնի բարելավմանն ու քաշի նվազմանը՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ոչ մի խմբում չի փոխվել։

Գիտնականները ենթադրում են, որ վաղ քնելը կարող է օգնել վերահսկել քաշը՝ ուշ ժամերին սնվելու սովորության կրճատման և սննդառությունն օրգանիզմի օրական ռիթմերին ավելի սերտորեն համապատասխանեցնելու շնորհիվ։ Ուշ ժամերին արթուն մնալը նույնպես կարող է կապված լինել ախորժակի հորմոնների և նյութափոխանակության փոփոխությունների հետ։

Հեղինակները նշում են, որ քնելու ժամը կարող է դառնալ դիաբետի կանխարգելման ծրագրերի լրացուցիչ թիրախ։ Սակայն այս վարկածը հաստատելու համար հետագա հետազոտությունների անհրաժեշտություն կա։


© NEWS.am Medicine