Գերմշակված սնունդը փոխկապակցված է երեխաների պարգևատրման համակարգի արձագանքի հետ․ AMA

14:44   5 նոյեմբերի, 2026

Այն երեխաները, որոնք ավելի շատ կալորիաներ են ստացել գերմշակված մթերքներից, իրենց ուղեղի որոշակի հատվածով ավելի սուր են արձագանքել ախորժելի ուտելիքների պատկերներին։ Նման արձագանքը կապված է եղել օրգանիզմում ճարպի մասնաբաժնի հետագա ավելացման հետ։ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների այս հետազոտությունը հրապարակվել է JAMA Network Open ամսագրում։

Վերլուծության մեջ ներառվել է նորմալ քաշով 7-ից 10 տարեկան 46 երեխա։ Գիտնականները գնահատել են նրանց սննդակարգը, մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ), գոտկատեղի շրջագիծն ու մարմնի կազմությունը։ Ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) ընթացքում մասնակիցներին ցուցադրել են գրավիչ սննդատեսակների, օրինակ՝ թխվածքաբլիթների և կարտոֆիլի ֆրիի պատկերներ՝ դրանք հերթագայելով ոչ պարենային իրերի լուսանկարներով:

Միջին հաշվով՝ գերմշակված սննդին է բաժին ընկել օրական յուրացվող կալորիաների շուրջ 68%-ը։ Դրա ավելի բարձր մասնաբաժինը փոխկապակցված է եղել դորսալ ստրիատումի՝ մոտիվացիայի, ուսուցման և պարգևատրման գործընթացներին մասնակցող զոլավոր մարմնի մի հատվածի ավելի ուժգին արձագանքի հետ։ Վենտրալ ստրիատումի պարագայում համանման կապը վիճակագրորեն նշանակալի չի եղել։

Մեկ տարի անց հետազոտողները կրկին գնահատել են երեխաների ֆիզիկական ցուցանիշները։ Դորսալ ստրիատումի ավելի վառ արտահայտված սկզբնական արձագանքն ուղեկցվել է ՄԶԻ-ի և ճարպի տոկոսային հարաբերակցության ավելի մեծ աճով։ Գերմշակված սննդի սկզբնական մասնաբաժինը նույնպես կապված է եղել գոտկատեղի շրջագծի մեծացման հետ։

Վիճակագրական մոդելում ուղեղի արձագանքի ցուցանիշը ներառելուց հետո՝ սննդակարգի, ինչպես նաև ՄԶԻ-ի ու ճարպի մասնաբաժնի փոփոխությունների միջև կապը թուլացել է։ Հեղինակները կարծում են, որ սննդային ազդակների նկատմամբ զգայունությունը կարող է լինել այն օղակներից մեկը, որը կապում է սննդակարգը ճարպային զանգվածի հետագա կուտակման հետ։



© NEWS.am Medicine