16:53 5 նոյեմբերի, 2026Տրիպտոլիդը՝ ավանդական չինական բժշկության մեջ կիրառվող բույսից ստացվող բնական միացությունը, կարող է օգնել հաղթահարել քաղցկեղային բջիջների՝ բուժման նկատմամբ կայունությունը և բարձրացնել որոշ հակաքաղցկեղային դեղամիջոցների արդյունավետությունը։ Նման եզրակացության են եկել Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։
Հետազոտողները քաղցկեղային բջիջների վրա տրիպտոլիդի ազդեցությունը ուսումնասիրել են լաբորատոր պայմաններում և կենդանիների վրա կատարված փորձարկումներում։
«Այս նյութն արգելափակում է DCTPP1 ֆերմենտը, որն օգնում է ուռուցքին դիմակայել որոշ դեղամիջոցների։ Այն քայքայում է դեղերի ակտիվ ձևերը՝ թույլ չտալով, որ դրանք լիարժեք ներգործեն քաղցկեղային բջիջների վրա»,— պարզաբանել են գիտնականները։
Հատկապես ակնառու արդյունք է արձանագրվել տրիպտոլիդի և դեցիտաբինի համակցման դեպքում։ Դեցիտաբինն ազդում է գեների աշխատանքի վրա, այդ թվում՝ ուռուցքի աճը ճնշող գեների։ Տրիպտոլիդի ավելացման դեպքում դեցիտաբինն ավելի արդյունավետ է գործել՝ հանգեցնելով ավելի մեծ թվով քաղցկեղային բջիջների ոչնչացման։
Գիտնականները նաև պարզել են, որ DCTPP1-ի բարձր ակտիվությունը կապված է բուժման նկատմամբ ուռուցքների դիմադրողականության հետ։ Հետևաբար, այս ֆերմենտի արգելափակումը կարող է դառնալ գոյություն ունեցող դեղամիջոցների նկատմամբ քաղցկեղային բջիջների զգայունությունը բարձրացնելու եղանակներից մեկը։
Հետազոտության հեղինակների կարծիքով՝ այս մոտեցումը հեռանկարային է բուժմանը դժվարությամբ արձագանքող ուռուցքների բուժման համար։ Այնուամենայնիվ, արդյունքները դեռևս ստացվել են միայն լաբորատոր և նախակլինիկական փորձարկումներում։ Մարդկանց մոտ տրիպտոլիդի և հակաուռուցքային դեղամիջոցների համակցման անվտանգությունն ու արդյունավետությունը դեռ պետք է ուսումնասիրվեն։