18:47 6 նոյեմբերի, 2026Ամենօրյա սննդակարգում ավոկադոյի և մանգոյի ներառումը բարելավել է նախադիաբետ ունեցող մեծահասակների անոթների աշխատանքը: Արդյունքն ստացվել է Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտում անցկացված ութշաբաթյա ռանդոմիզացված հետազոտության ժամանակ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the American Heart Association ամսագրում:
Փորձին մասնակցել է 82 մարդ, որոնց միջին տարիքը 45 է եղել: Նրանք ունեցել են նախադիաբետ՝ վիճակ, որը բնութագրվում է արյան մեջ շաքարի բարձր մակարդակով, որը դեռևս չի համապատասխանում դիաբետի չափանիշներին: Մասնակիցների մարմնի զանգվածի միջին ինդեքսը եղել է մոտավորապես 30:
Մի խմբին տրվել է օրական մեկ ավոկադոյից և մեկ բաժակ կտրատած մանգոյից բաղկացած սննդակարգ: Վերահսկիչ խումբը սպառել է կալորիաներով համապատասխան սնունդ՝ ճարպի և բջջանյութի ցածր պարունակությամբ:
Հիմնական ցուցանիշը եղել է հոսքի միջնորդությամբ լայնացումը՝ զարկերակի լայնացման ունակությունը, ի պատասխան արյան հոսքի ավելացման: Սա արտացոլում է էնդոթելի՝ անոթային պատի ներքին շերտի աշխատանքը:
Մրգային սննդակարգն այս ցուցանիշը մեծացրել է մոտավորապես մեկ տոկոսային կետով, վերահսկիչ խմբում այն նվազել է։ Խմբերի միջև փոփոխությունների տարբերությունը կազմել է մոտավորապես 2.1 տոկոսային կետ։ Տարբերություններ են նկատվել նաև ձեռքի վրա չափված դիաստոլիկ արյան ճնշման փոփոխությունների միջև, հատկապես տղամարդկանց մոտ։
Միևնույն ժամանակ, ուսումնասիրված մյուս ցուցանիշների մեծ մասը էականորեն չի տարբերվել։ Դիտարկված առավելությունները չեն ուղեկցվել մարմնի մասսայի էական փոփոխություններով։ Ավոկադոյով և մանգոյով սննդակարգը մեծացրել է բջջանյութի, վիտամին C-ի և մոնոչհագեցած ճարպերի մուտքը, ուստի անհնար է առանձնացնել յուրաքանչյուր բաղադրիչի ներդրումն առանձին-առանձին։