22:38 8 նոյեմբերի, 2026
Ռոքֆելերի համալսարանի հետազոտողները կազմել են տուբերկուլյոզ առաջացնող Mycobacterium tuberculosis բակտերիայի կենսականորեն կարևոր գեների փոխազդեցության՝ մինչև օրս ամենամանրամասն քարտեզը: Աշխատանքը բացահայտել է գրեթե 6500 գենետիկական փոխազդեցություն, այդ թվում՝ նախկինում անհայտ հազարավոր կապեր: Արդյունքները հրապարակվել են «Nature» ամսագրում:
Տուբերկուլյոզը շարունակում է մնալ աշխարհում ամենամահաբեր վարակիչ հիվանդություններից մեկը՝ տարեկան խլելով ավելի քան մեկ միլիոն մարդու կյանք: Բուժումը սովորաբար պահանջում է մի քանի հակաբիոտիկների ընդունում մի քանի ամիս շարունակ, իսկ հիվանդության դեղակայուն ձևերը կարող են պահանջել է՛լ ավելի տևական թերապիա: Բակտերիան դժվարությամբ է ոչնչացվում իր ամուր բջջապատի և օրգանիզմում երկար ժամանակ պահպանվելու ունակության շնորհիվ:
Ջերեմի Ռոքի ղեկավարությամբ հետազոտողներն ուսումնասիրել են հարուցիչի գոյատևման համար անհրաժեշտ 762 գեների փոխազդեցությունները: Դրա համար նրանք կատարելագործել են CRISPRi տեխնոլոգիան, որը թույլ է տալիս նվազեցնել գեների ակտիվությունը՝ առանց ԴՆԹ-ն կտրելու և բակտերիան ոչնչացնելու: Գիտնականները ճնշել են առանձին գեների և դրանց զույգերի ակտիվությունը, ապա համեմատել նման փոփոխությունների ազդեցությունը միկրոօրգանիզմի աճի վրա:
Քարտեզն օգնել է հստակեցնել այն գեների գործառույթները, որոնց դերը նախկինում անհայտ էր մնում: Մասնավորապես, պարզվել է, որ դրանցից մի քանիսը կապված են էլեկտրոնների փոխադրման շղթայի՝ բջջի կողմից էներգիայի արտադրությանը մասնակցող համակարգի աշխատանքի հետ: Լրացուցիչ փորձերը հաստատել են դրանց մասնակցությունը բջջային շնչառությունն ապահովող խոշոր սպիտակուցային համալիրի գործառնությանը:
Հետազոտողները ստացված տվյալներն օգտագործել են նաև դեղերի հեռանկարային համակցություններ գտնելու համար: Նրանք բացահայտել են սիներգիկ ազդեցությամբ չորս համակցություն, որոնց դեպքում դեղամիջոցների համատեղ ազդեցությունն ավելի ուժեղ է լինում, քան ակնկալվում էր: Դրանցից մեկում փորձարարական միացությունն ուժեղացնում էր տուբերկուլյոզի բուժման համար կիրառվող «Էթամբուտոլ» հակաբիոտիկի մանրէասպան ազդեցությունը: Միևնույն ժամանակ գիտնականները հայտնաբերել են նաև դեղերի այնպիսի համակցություն, որի դեպքում դրանք թուլացնում էին միմյանց ազդեցությունը:
Հեղինակները կարծում են, որ քարտեզը կօգնի համակարգել հակաբիոտիկների համար նոր թիրախների և բուժման արդյունավետ սխեմաների որոնումը՝ բազմաթիվ համակցությունները փորձերի ու սխալների մեթոդով ստուգելու փոխարեն: Տվյալներն արդեն հասանելի են այլ հետազոտողների համար: Հաջորդ փուլը գեների փոխազդեցությունների ուսումնասիրությունն է այնպիսի պայմաններում, որոնք ավելի մոտ են մարդու օրգանիզմում բակտերիայի գոյության իրական միջավայրին: