15:51 9 նոյեմբերի, 2026COVID-19 համավարակով պայմանավորված սթրեսը կապված է օրգանիզմի էպիգենետիկ ծերացման արագացման հետ (հատկապես՝ դեռահասների շրջանում)։ Նման եզրահանգման են եկել գերմանացի գիտնականները։ Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) ամսագրում։
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան հազար երեխայի, դեռահասի և մեծահասակի տվյալներ։ ԴՆԹ-ի նմուշները հավաքվել են թքից՝ 2020 թվականի մարտին՝ մինչև առաջին լոքդաունը, ինչպես նաև երկրորդ լոքդաունից հետո՝ 2021 թվականի ձմռանն ու 2022 թվականի գարնանը։
Մասնագետները գնահատել են այսպես կոչված էպիգենետիկ ժամացույցի ցուցանիշները, որոնք հիմնված են ԴՆԹ-ի մեթիլացման փոփոխությունների վրա և թույլ են տալիս գնահատել օրգանիզմում տարիքային փոփոխությունների ընթացքի արագությունը։ Նախկին հետազոտություններում էպիգենետիկ ծերացման արագացումը կապվել է տարբեր հիվանդությունների զարգացման բարձր ռիսկի հետ։
Վերլուծությունը ցույց է տվել, որ համավարակի ընթացքում էպիգենետիկ ծերացման տեմպերն արագացել են բոլոր տարիքային խմբերի մասնակիցների շրջանում։ Առավել ակնառու փոփոխություններ նկատվել են այն անձանց մոտ, որոնք դեռ համավարակից առաջ ունեցել են առողջական խնդիրներ, բարեկեցության համեմատաբար ցածր մակարդակ կամ գտնվել են սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմաններում։
Սթրեսի և էպիգենետիկ փոփոխությունների միջև կապը հատկապես ցայտուն է եղել դեռահասների շրջանում։ Նրանց հոգեվիճակի վրա ամենաշատն ազդել են համավարակի ծանրության գիտակցումն ու հասակակիցների հետ շփման սահմանափակումը։ Երեխաների և մեծահասակների շրջանում գիտնականները նման օրինաչափություն չեն հայտնաբերել։
«Դեռահասները կարող են առավել խոցելի լինել սթրեսի նկատմամբ՝ սեռական հասունացման շրջանում օրգանիզմում կատարվող փոփոխությունների և սոցիալական շփումների սահմանափակման պատճառով։ Իսկ երեխաների ու մեծահասակների մոտ փոփոխությունները գուցե կապված են համավարակի այլ հետևանքների, օրինակ՝ ֆիզիկական ակտիվության նվազման հետ»,— նշել են գիտնականները։
Հեղինակներն ընդգծել են, որ առայժմ հայտնի չէ՝ արդյոք հայտնաբերված էպիգենետիկ փոփոխություններն ապագայում կբարձրացնեն հիվանդությունների զարգացման ռիսկը։ Դա պարզելու համար անհրաժեշտ են երկարատև դիտարկումներ։