Կլիմայի փոփոխության և դրանից բխող առողջապահական վտանգների հանդեպ խոցելի մարդկանց թիվն օրեցօր աճում է։ Հաշվարկների համաձայն՝ մոտ 3,6 միլիարդ մարդ բնակվում է այնպիսի տարածաշրջաններում, որտեղ կլիմայական փոփոխություններն ու առողջության վրա դրանց ազդեցությունն ամենասուրն են զգացվում։
Ըստ ԱՀԿ նոր զեկույցի՝ կլիմայի և առողջապահության ոլորտում այս վեց քայլերի կիրառումը հնարավորություն կտա տարեկան կանխել 1,6 միլիոն մահ (այսինքն՝ յուրաքանչյուր 40 մահվան դեպքից մոտ մեկը) և ապահովել տրիլիոնավոր դոլարների տնտեսական ու բյուջետային շահույթ։
«Կլիմայական ճգնաժամն առողջապահական ճգնաժամ է, բայց դրա հասցրած վնասի զգալի մասը կարելի է կանխել այն գործիքներով, որոնք արդեն ունենք»,- հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
Առաջարկվող վեց քայլերն են՝ ուժեղ շոգի և առողջության վրա դրա ազդեցության մասին նախազգուշացնող համակարգերի ներդրումը, կլիմայական փոփոխությունների հանդեպ կայուն խմելու ջրի մատակարարումը, տարրական սանիտարական պայմանների, հիգիենայի միջոցների և ձեռքերը լվանալու հնարավորության ապահովումը, կերակուր պատրաստելու և տունը տաքացնելու համար ավելի մաքուր կենցաղային վառելիքի ու տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաև հանածո վառելիքի նկատմամբ ավելի արդյունավետ գնային քաղաքականության սահմանումը։
«Փորձված և մատչելի լուծումների լայնածավալ կիրառումը կարող է միլիոնավոր կյանքեր փրկել, ընդ որում՝ ամենից շատ կշահեն այն երկրները, որոնք դրա կարիքն ամենաշատն ունեն,- նշել է Թեդրոսը։- Կլիմայական բանակցությունների հերթական փուլին ընդառաջ՝ կառավարությունները պետք է մարդկանց առողջության պահպանումը դարձնեն իրենց կլիմայական քաղաքականության առանցքը»։
Ինչպես հայտնում է Euronews-ը, եթե լրացուցիչ միջոցներ չձեռնարկվեն, 2030-2050 թվականներին կլիմայով պայմանավորված առողջապահական ռիսկերը՝ թերսնուցումը, մալարիան, փորլուծությունն ու ջերմային սթրեսը, տարեկան 250 000 վաղաժամ մահվան պատճառ կդառնան։
Զեկույցի համաձայն՝ մինչև 2050 թվականը կլիմայի փոփոխության հետևանքով աշխարհում ևս մոտ 500 միլիոն մարդ կհայտնվի կլիմայական պայմաններից կախված վարակների տարածման գոտում։
Նշված քայլերն ուղղված են կլիմայով պայմանավորված ամենատարբեր առողջապահական վտանգների չեզոքացմանը՝ սաստիկ տապից ու օդի աղտոտվածությունից մինչև վարակիչ հիվանդություններ և խմելու համար ոչ պիտանի ջուր։
ԱՀԿ-ն կարևորում է սաստիկ շոգի և դրա վտանգների մասին իրազեկող համակարգերի ստեղծումը։ Դրանք բնակչությանը կզգուշացնեն վտանգավոր բարձր ջերմաստիճանի մասին և կգործարկեն պաշտպանիչ միջոցառումներ՝ հորդորելով շատ հեղուկ օգտագործել, բացելով հովացվող տարածքներ և աջակցելով խոցելի խմբերին։
Բացի այդ, անհրաժեշտ է ստեղծել մաքուր ջրի կայուն աղբյուրներ, որպեսզի եղանակային ծայրահեղ պայմաններում կանխվի ջրի սակավությունն ու աղտոտումը, ինչպես նաև ապահովել տարրական հիգիենայի հասանելիություն՝ ջրի միջոցով փոխանցվող վարակներից պաշտպանվելու համար։
ԱՀԿ-ում ընդգծել են, որ էներգիայի մաքուր աղբյուրներին անցնելը կնվազեցնի փակ տարածքներում օդի աղտոտվածությունն ու ջերմոցային գազերի արտանետումները։ Դա էլ իր հերթին կկանխի շնչառական վարակներից և խրոնիկ ոչ վարակիչ հիվանդություններից (կաթված, սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քաղցկեղ, ասթմա) հիվանդացության ու մահվան դեպքերը։
Կազմակերպությունը նաև կոչ է անում կառավարություններին վերանայել հանածո վառելիքի գնային քաղաքականությունը, որպեսզի դրա գինն արտացոլի առողջությանը, կլիմային և շրջակա միջավայրին հասցվող իրական վնասը։
Ըստ զեկույցի՝ առողջության համար ամենամեծ օգուտը կտա հենց հանածո վառելիքից հրաժարվելը։ Դա թույլ կտա տարեկան կանխել ավելի քան մեկ միլիոն վաղաժամ մահ՝ կապված ինչպես ոչ վարակիչ հիվանդությունների (կաթված, սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քաղցկեղ, թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, ասթմա), այնպես էլ ճանապարհատրանսպորտային պատահարների հետ՝ միաժամանակ տարեկան ապահովելով 5,4 տրիլիոն ԱՄՆ դոլարի հարկաբյուջետային խնայողություն։
ԱՀԿ գնահատմամբ՝ մյուս հինգ ուղղություններում ներդրված յուրաքանչյուր 1 դոլարը միջինում 24,8 դոլարի օգուտ է բերում։ Ակնկալվում է, որ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում այդ արդյունքն էլ ավելի բարձր կլինի, ինչը կօգնի մեղմել առողջապահական ու տնտեսական անհավասարությունը։