18:34 10 նոյեմբերի, 2026Սննդակարգում բույսերի բազմազանությունը կարող է բարելավել սննդի որակը և աջակցել աղիների առողջությանը, սակայն հիվանդությունների կանխարգելման գործում դրա ինքնուրույն օգտակարությունը դեռևս ապացուցված չէ: Նման եզրակացության են հանգում սննդային կենսաբազմազանությունը ուսումնասիրող հետազոտողները՝ սննդի մեջ օգտագործվող բույսերի և կենդանիների տարբեր տեսակների քանակը, գրում է News Medical Life Sciences-ը:
Այդպիսի բազմազանության ցուցանիշներից մեկը Սննդատեսակների հարստությունն է (Dietary Species Richness, DSR), որը հաշվի է առնում որոշակի ժամանակահատվածում կերված մթերքների եզակի տեսակների թիվը: Ընդ որում, բույսերի միևնույն տեսակի տարբեր սորտերը պարտադիր չէ, որ մեծացնեն այս ցուցանիշը: Գնահատման այլ մեթոդներ հաշվի են առնում տեսակների հարաբերակցությունը և մթերքների սննդային կազմի տարբերությունները:
Տարբեր բույսեր պարունակում են վիտամինների, հանքանյութերի, մանրաթելերի և ֆիտոքիմիական միացությունների ոչ միանման համադրություններ: Հետևաբար, տարբեր լոբազգիների, ամբողջահատիկային մթերքի, բանջարեղենի, մրգի, ընկույզների, սերմերի, կանաչեղենի և համեմունքների օգտագործումը կարող է օգնել լրացնելու սննդարար նյութերի նկատմամբ օրգանիզմի կարիքը:
Ցածր և միջին եկամուտ ունեցող յոթ երկրի գյուղական շրջանների 6226 կանանց և երեխաների մասնակցությամբ կատարված հետազոտության ժամանակ մթերքի ավելի բարձր տեսակային բազմազանությունը կապված է եղել A և C վիտամիններով, ֆոլատով, կալցիումով, երկաթով և ցինկով ավելի լավ ապահովվածության հետ: Սակայն այս դիտարկումը չի ապացուցում, որ բազմազանության ավելացումն ինքնին վերացնում է սննդարար նյութերի դեֆիցիտը:
Բուսական սննդի բազմազանությունը կարող է նաև ազդել աղիների միկրոբիոմի վրա: Մանրաթելերի տարբեր տեսակները, պոլիֆենոլները և կայուն օսլան ծառայում են որպես սննդային միջավայր աղիքային միկրոօրգանիզմների համար: Մանրաթելերի ֆերմենտացման ժամանակ առաջանում են կարճշղթա ճարպաթթուներ, ներառյալ բուտիրատը, ացետատը և պրոպիոնատը, որոնք մասնակցում են աղիքային պատնեշի պահպանմանը և իմունային գործընթացների կարգավորմանը: Այնուամենայնիվ, բույսերի տեսակների թվի ավելացման անմիջական ազդեցությունը մարդու միկրոբիոմի և այս միացությունների արտադրության վրա դեռևս բավարար չափով ուսումնասիրված չէ:
Որոշ հետազոտություններ նաև կապ են հայտնաբերում սննդակարգի բազմազանության և քրոնիկական հիվանդությունների ռիսկի միջև: Եվրոպական հետազոտության մեջ մեկ տարվա համար հաշվարկված սննդակարգում յուրաքանչյուր տասը հավելյալ տեսակի մթերքը կապված է եղել բոլոր պատճառներից մահացության և ստամոքս-աղիքային տրակտի քաղցկեղի զարգացման ավելի ցածր ռիսկի հետ: