13:29 11 նոյեմբերի, 2026Ժառանգական Ալցհեյմերի հիվանդության հետ կապված մուտացիաները կարող են խաթարել նյարդերից մկաններին ազդակների փոխանցումը՝ անկախ գլխուղեղի վնասումից։ Այս մասին են վկայում Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի և Hesperos ընկերության գիտնականների անցկացրած փորձերը։ Հետազոտությունը հրապարակվել է Alzheimer's & Dementia ամսագրում՝ 2026 թվականի ապրիլին։
Ալցհեյմերի հիվանդության դեպքում երբեմն առաջանում են քայլվածքի, հավասարակշռության և շարժումների համակարգման՝ կոորդինացիայի դժվարություններ։ Դրանք սովորաբար դիտարկվում են կենտրոնական նյարդային համակարգի փոփոխությունների համատեքստում։ Հետազոտողները որոշել են ստուգել՝ արդյոք նյարդամկանային կապի խաթարումը կարող է զարգանալ անմիջապես հիվանդության հետ կապված մուտացիաների հետևանքով։
Դրա համար ստեղծվել է նյարդամկանային միացման «չիպային» մոդել։ Համակարգում համակցվել են մարդու առողջ մկանային բջիջներն ու շարժողական նեյրոնները, որոնք ստացվել են Ալցհեյմերի հիվանդության ընտանեկան ձևի հետ կապված մուտացիաներ կրող ցողունային բջիջներից։ Մոդելը չի ներառել գլխուղեղն ու ողնուղեղը։
Գիտնականները գնահատել են, թե նյարդային ազդակները որքան հուսալիորեն են առաջացնում մկանների կծկում, և որքան արագ է զարգանում հոգնածությունը։ Մուտացիաներ կրող նեյրոնները խաթարել են նյարդամկանային միացման աշխատանքը նույնիսկ առողջ մկանային բջիջների առկայության դեպքում։
Այս արդյունքը վկայում է, որ որոշ շարժողական խնդիրներ կարող են ունենալ ինքնուրույն մեխանիզմ՝ գլխուղեղի սահմաններից դուրս։ Այն նաև կարող է օգնել բացատրել, թե ինչու միայն կենտրոնական նյարդային համակարգի վրա ուղղված ազդեցությունը կարող է չվերացնել հիվանդության բոլոր դրսևորումները։
Միևնույն ժամանակ, բջջային մոդելը չի ցույց տալիս, թե պացիենտների մոտ ինչ հաջորդականությամբ են ի հայտ գալիս ախտանիշները։ Հետազոտությունը վերաբերում է հիվանդության հազվադեպ հանդիպող ժառանգական ձևին և դեռևս չի առաջարկում պատրաստի թեստ՝ Ալցհեյմերի հիվանդության տարիքային առավել տարածված ձևի վաղ ախտորոշման համար։