Սեռական հորմոններն ազդում են մաշկի ցողունային բջիջների աշխատանքի վրա․ Nature

16:45   11 նոյեմբերի, 2026
Էգ և արու մկների մաշկի բջիջները տարբեր կերպ են համակարգում բաժանման և հասունացման գործընթացները։ Պարզվել է, որ էգերի մոտ այդ գործընթացներն ավելի համաժամանակյա են ընթանում, ինչն էլ նպաստում է վերքերի արագ լավացմանը։ Այս տարբերությունները հայտնաբերել են Բրյուսելի ազատ և Քեմբրիջի համալսարանների գիտնականներն ու նրանց գործընկերները։ Հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում։

Գիտնականների խումբը հինգ ամիս շարունակ հետևել է կենդանի մկների վերնամաշկի (էպիդերմիսի) առանձին նշագրված բջիջներին։ Դա թույլ է տվել ոչ միայն համեմատել հյուսվածքի պատկերները տարբեր ժամանակահատվածներում, այլև հետևել բջիջների և դրանց սերունդների հետագա վարքագծին։

Վերնամաշկը մշտապես թարմացվում է. որոշ բջիջներ պահպանում են ինքնավերարտադրման հատկությունը, մյուսները հասունանում են և աստիճանաբար բարձրանում մաշկի մակերես։ Վերլուծությունը հաստատել է միջանկյալ փուլի՝ նախորդող բջիջների գոյությունը, որոնք դեռ կարող են բաժանվել, բայց միայն սահմանափակ քանակով։

Էգերի մոտ դուստր բջիջներն ավելի հաճախ են գործել ներդաշնակորեն՝ միաժամանակ շարունակելով բաժանվել, հասունանալ կամ հեռանալ հիմնային շերտից։ Արուների մոտ դրանց վարքագիծն ավելի քիչ համաժամանակյա է եղել։

Գեների ակտիվության համադրումն ու լրացուցիչ փորձերն այս տարբերությունները կապել են սեռական հորմոնների հետ։ Ավելի կոնկրետ՝ արական սեռական հորմոնները նպաստել են բջիջների հասունացմանն ու վերնամաշկի հիմնային շերտից դրանց դուրս գալուն։

Առայժմ այս օրինաչափությունները բացահայտվել են միայն մկների վրա։ Հեղինակները կարծում են, որ մաշկի վերականգնման գործընթացն ուսումնասիրելիս կարևոր է հաշվի առնել սեռի գործոնը, սակայն մարդկանց մոտ նույն մեխանիզմի առկայությունը դեռ պետք է հաստատվի։


© NEWS.am Medicine