18:38 11 նոյեմբերի, 2026Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլա վիրուսով վարակվածների թիվը հասել է 11 հազար 42-ի, որոնցից 5387-ը մահացել են: Այս տվյալները չորեքշաբթի հրապարակել է երկրի առողջապահության նախարարությունը։ Ընթացիկ բռնկումն արդեն դարձել է Կոնգոյի պատմության մեջ ամենամահաբերներից մեկը, գրում է Medical Xpress բժշկագիտական հանդեսը:
Բռնկման մասին հայտարարվել էր մայիսի կեսին, սակայն իշխանությունները մինչ այժմ չեն կարողանում վերահսկողության տակ առնել վարակի տարածումը։ Դրան խոչընդոտում են զինված հակամարտությունները, առողջապահական համակարգի ճգնաժամը, վատ ճանապարհները, ինչպես նաև բնակչության անվստահությունը և ապատեղեկատվությունը:
Ընթացիկ բռնկման հարուցիչը դարձել է Բունդիբուջո վիրուսը՝ Էբոլա վիրուսի տեսակներից մեկը, որի դեմ չկան հայտնի պատվաստանյութեր և հատուկ բուժում։ Վարակը տարածվել է երկրի 26 նահանգներից 8-ում:
Բժշկական իշխանությունների շրջանում հատուկ տագնապ են առաջացնում բռնկման հետևանքով առավել տուժած երկու նահանգներում՝ Իտուրիում և Հյուսիսային Կիվուում նոր բռնկումները: Մասնագետները կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները, որպեսզի բժշկական աշխատողները կարողանան անխոչընդոտ հասնել հիվանդներին և օգնություն ցուցաբերել նրանց:
Իրավիճակը բարդանում է բժշկական հաստատությունների և անձնակազմի վրա հարձակումներով: Որոշ համայնքներում պահպանվում է վիրուսի մասին տեղեկությունների նկատմամբ անվստահությունը, ինչը մեծացնում է համաճարակի դեմ պայքարով զբաղվողների ռիսկերը:
Փորձագետները կոչ են անում ուժեղացնել վարակի զսպման միջոցները: Մինչդեռ հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Կոնգոյի սահմաններից դուրս՝ դրանց թվում Ուգանդայում, Քենիայում և Նիգերիայում:
1976 թվականին վիրուսի հայտնաբերման պահից ի վեր աշխարհում տեղի է ունեցել Էբոլայի մի քանի տասնյակ բռնկում: Դրանցից ամենամասշտաբայինն ու մահաբերը Արևմտյան Աֆրիկայի երկրներում է եղել 2014–2016 թվականներին, երբ գրանցվել էր շուրջ 28 հազար վարակման և ավելի քան 11 հազար մահվան դեպք:
Կոնգոյում ընթացիկ բռնկումն արդեն զբաղեցնում է երկրորդ տեղը մասշտաբով՝ Էբոլայի հայտնի համաճարակների շարքում: Հրապարակման տվյալներով՝ բռնկման հայտարարմանը հաջորդած համեմատելի ժամանակահատվածում վարակման և մահվան դեպքերի թիվը առնվազն երեք անգամ բարձր է եղել, քան արևմտաֆրիկյան համաճարակի ժամանակ: