Երգչախմբային երգեցողությունը բարելավում է սրտի ծանր արատից տառապող երեխաների շնչառությունն ու հուզական վիճակը. Pediatric Cardiology

20:41   11 նոյեմբերի, 2026

Երգչախմբին մասնակցելն սրտի բնածին արատով երեխաներին օգնել է բարելավել շնչառության որոշ ցուցանիշներ, ինչպես նաև նվազեցնել դեպրեսիայի և տագնապայնության ախտանիշները: Նման եզրակացությունների են հանգել Չիկագոյի Էնն և Ռոբերտ Լուրիների անվան մանկական հիվանդանոցի հետազոտողները: Փոքրածավալ հետազոտության արդյունքները հրապարակվել են Pediatric Cardiology հանդեսում:

Ծրագրին մասնակցել է 8-16 տարեկան 14 երեխա, որոնք ծնվել են սրտի միակ փորոքով: Ութ շաբաթվա ընթացքում նրանք վոկալով են զբաղվել անհատական ​​և խմբային կարգով, ինչպես նաև առցանց կատարել շնչառական վարժություններ:

Այս արատի դեպքում երեխաներին սովորաբար պահանջվում է երեք վիրահատություն, որոնցից վերջինը՝ Ֆոնտենի պրոցեդուրան, իրականացվում է մոտավորապես 3-4 տարեկան հասակում: Այն հնարավորություն է տալիս թթվածնով աղքատ արյունն ուղղակիորեն ուղղել դեպի թոքային զարկերակներ՝ շրջանցելով սիրտը: Թեև վիրահատությունը փրկում է կյանքը, արյան շրջանառության նման սխեման կարող է ուղեկցվել թոքերի գործառույթի նվազմամբ, արագ հոգնածությամբ և սրտային անբավարարության բարձր վտանգով: Երեխաներից ոմանց շրջանում միաժամանակ նեյրոկոգնիտիվ զարգացման առանձնահատկություններ են ի հայտ գալիս:

Ծրագրի ավարտից հետո հետազոտողներն արձանագրել են շնչառության առանձին ցուցանիշների բարելավում: Երեխաները հայտնել են նաև բարեկեցության ավելի բարձր մակարդակի և դեպրեսիայի ավելի քիչ ախտանիշների մասին, իսկ ծնողները նշել են երեխաների դպրոցական կյանքի բարելավումներ և տագնապային ու դեպրեսիվ դրսևորումների նվազում:

«Շատ երեխաներ ասում էին, որ երգչախումբն օգնել է իրենց համարել թիմի մասը և ավելի քիչ մենակություն զգալ: Ես թերագնահատել էի, թե որքան ուժեղ են նրանք զգում, որ իրենք իրենց հասակակիցների պես չեն»,- նշել է հետազոտության ղեկավար, Հյուսիսարևմտյան համալսարանի մանկական սրտաբանության մասնագետ Կենդրա Ուորդը:

Հետազոտողները մտադիր են 2027 թվականին անցկացնել ավելի մասշտաբային բազմակենտրոն հետազոտություն: Ուորդը նշել է, որ պարապմունքները կշարունակվեն նաև գիտական ​​նախագծից դուրս. երեխաներն ու նրանց ընտանիքները ցանկացել են պահպանել երգչախումբը: Ապագայում հույս ունեն ծրագիրը տարածել սրտի այլ բնածին արատներ ունեցող երեխաների վրա:



© NEWS.am Medicine