20:32 3 դեկտեմբերի, 2014Բանավեճն առ այն՝ արդյո՞ք շներն ի վիճակի են տիրոջ արտաբերած խոսքերը հասկանալ, թե՞ պարզապես ձայնի տոնայնությունից են ասվածի իմաստը գլխի ընկնում, դարերի պատմություն ունի:
Այդուհանդերձ, վերջերս իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ մարդու լավագույն ընկերը կարող է ոչ միայն մարդկային խոսքը իմաստը հասկանալ, այլեւ դրանք հետեւում թաքնված էմոցիան ըմբռնել, հաղորդում է FoxNews-ը:
Ու թեւ ձեռք բերված վկայությունները շների՝ մարդկային խոսքի բոլոր զգացական ասպեկտներն ըմբռնելու կարողության ապացույցը չեն հանդիսանում, անհերքելի է նաեւ այն, որ կենդանիները գոնե ուշադրություն են դարձնում դրանց, նշել է հետազոտության համահեղինակ, Սուսեքսի համալսարանի հոգեբանության ամբիոնը ներկայացնող դոկտորական թեկնածու Վիկտորիա Ռետկլիֆը:
Շներն, իրենց մարդ-ընկերակիցների հրահանգներին եւ գուրգուրանքին ի պատասխան, նստելու, ծնկի գալու, թաթը թափ տալու եւ քնքշությամբ սեղմվելու կարողություն են դրսեւորում: Թեւ կենդանու սիրահարները կարող են պնդել, որ իրենց փոքրիկ Հերկուլեսն ի վիճակի է արտաբերված ամեն մի բառ հասկանալ, քիչ չեն նաեւ հոռետեսները, որոնց համոզմամբ շներն ընդամենը մարդու խոսքի տոնայնությունը եւ այլ՝ ոչ խոսքային ակնարկներ «բռնելու» հատկություն ունեն:
Նախընթաց հետազոտություններով նույնիսկ վկայություններ են ձեռք բերվել առ այն, որ կենդանիները մարդու կեցվածքին, հայացքին եւ ոչ խոսքային հաղորդակցման այլ միջոցներին հետեւելու միտում են դրսեւորում, ինչի արդյունքում դժվար է պատկերացնել, թե հատկապես որ բառերը կարող են ինքնին ըմբռնել:
Որոշ գիտահետազոտական խմբերի անդամներ էլ այն համոզմունքի են հանգել, որ մարդկային ընկալումը եւ մոտիվացիան շների մոտ կարող է միանգամայն այլ կերպ պրոյեկցվել: Օրինակ, հետազոտությամբ ապացուցվել է, որ սեղանից կերակուր վերցնելուց կամ հատակն աղտոտելուց հետո կենդանու ընդունած տխուր տեսքը բոլորովին էլ մեղավորության զգացման մասին չի վկայում:
Պարզելու համար, թե մարդկային խոսքը լսելիս իրականում ինչ է տեղի ունենում շների գլխում, Ռետկլիֆի գլխավորությամբ գործող գիտնականները հատուկ փորձարկում են նախաձեռնել 250 տեսակի լաբորատոր շների (չիհուահուայից մինչեւ դանիական դոգ) շրջանում: Կենդանիները հերթով փակ, ձախ եւ աջ կողմերում բարձրախոսներով զինված սենյակ են մտցվել՝ ձայնի նկատմամբ ընկալունակությունն ուսումնասիրելու նպատակով:
Բանն այն է, որ աջ ականջով լսված ձայնը շների մոտ գլխավորապես ուղեղի ձախ կիսագնդում է մշակվում (եւ հակառակը): Ուստի, երբ որեւէ խոսք լսելուն պես կենդանին գլուխը դեպի աջ է շրջում, կարելի է վստահաբար պնդել, որ ձախ կիսագունդը վճռորոշ դերակատարում ունի՝ տվյալ ձայնի մշակման հարցում:
Փորձարկման ընթացքում կենդանիների տիրոջ կողմից արտաբերված «արի այստեղ» արտահայտությունն է հնչեցվել՝ առանց զգացական տարրի եւ ձայնի այնպիսի փոփոխությամբ, որ հնարավոր չէ նույնականացնել:
Երկրորդ փուլում էլ կենդանիները տիրոջ ձայնն են լսել՝ այս անգամ արդեն աղավաղված եւ անհասկանալի, բայց եւ զգացականորեն եւ տոնայնությամբ շեշտված խոսքով:
Կենդանիները էմոցիայից զերծ խոսք լսելուն պես գլուխը դեպի աջ են շրջել, ինչը նշանակում է, որ տվյալ տեղեկատվության մշակմամբ ուղեղի ձախ կիսագունդն է զբացվում: Եվ ընդհակառակը, զգացական «բառերը» կենդանիներին ստիպել են գլուխը դեպի ձախ շրջել՝ ենթադրելով, որ հիմա էլ ուղեղի աջ կիսագունդ է ստացված տեղեկությունը մշակում: Մինչդեռ կայուն, ոչինչ չասող աղմուկի դեպքում կենդանիների գլուխն անշարժ վիճակում է մնացել:
Հետազոտության արդյունքները Current Biology ամսագրում են հրապարակվել: