Մինչ 2050թ. մանրէներից մահացության մակարդակը կարող է անգամ քաղցկեղի զոհերի թիվը գերազանցել

22:25   11 դեկտեմբերի, 2014

Հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէների տարեկան զոհերի թիվը ողջ աշխարհում մինչ 2050թ.-ը կարող է 10 միլիոնի հասնել: Այս եզրահանգմամբ, զարգացման բոլոր հնարավոր սցենարների մոդելավորմամբ, բրիտանացի գիտնականներն են հանդես եկել: 

Միջոցներ չձեռնարկելու պարագայում մինչ 21-րդ դարի կեսերը մանրէներից մահացության մակարդակը կարող է նույնիսկ քաղցկեղի զոհերի թիվը գերազանցել: Ներկայումս դրանք տարեկան 700 հազար մարդու մահվան պատճառ են դառնում, հաղորդում է BBC-ն:

Վերլուծությունը RAND եւ KPMG ընկերությունների կողմից իրականացված հետազոտությունների հիման վրա մոդելավորված սցենարներից է բխել: Հիշյալ կազմակերպությունների աշխատակիցները պարզել են, որ առաջիկայում աղիքային ցուպիկի, մալարիայի եւ տուբերկուլյոզի՝ հակաբիոտիկների դեմ դիմադրողականության նշանակալի աճ կարող է գրանցվել:

Տնտեսագետ Ջիմ Օ’Նիլը, հակաբիոտիկների նկատմամբ դիմադրողականության խնդրի ուսումնասիրություն նախաձեռնելով, եկել է այն եզրահանգման, որ նոր սպառնալիքի դեմ հակադրության միջոցների փնտրտուքը համաշխարհային տնտեսության վրա 100 տրլն դոլար կարող է նստել:



© NEWS.am Medicine